ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն խորհրդատվական ընկերություն է հիմնել

Հոկտեմբերի մեկից ՆԱՏՕ-ի արդեն նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հենց նույն օրը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հրապարակեց, որ հիմնել է խորհրդատվական ընկերություն և շարունակելու է իր գործն այնտեղ։

Rasmussen Clobal ընկերության տարբերանշանը

Rasmussen Clobal ընկերության տարբերանշանը

Ինչպես պարզ է դառնում հայտարարությունից, խոսքը Rasmussen Global ընկերության մասին է, որը, նախնական տեղեկությունների համաձայն, ռազմավարական խորհրդատվություն է տրամադրելու հետաքրքրվող կառավարություններին, խոշոր կազմակերպություններին և ընկերություններին։

«Ես նաև որոշել եմ հրատարակել 21-րդ դարի ստրատեգիական մարտահրավերների վերաբերյալ գիրք։ Իսկ գրքի վրա աշխատանքների ընթացքում հանդես կգամ մի շարք դասախոսություններով, հայտարարություններով, որոնք վերաբերելու են աշխարհաքաղաքականությանը»,- նշված է Ռասմուսենի հանրագրում։

Ըստ Ռասմուսենի՝ Rasmussen Global-ը պատրաստ է համագործակցել ինչպես Եվրոպայից, այնպես էլ ԱՄՆ-ից գործընկերների բավական լայն շրջանակի հետ։ Ռասմուսենը նաև հայտնել է, որ շարունակելու է համագործակցել ՆԱՏՕ-ում քարտուղար եղած ժամանակ իր մամուլի գծով խորհրդատու Մայքլ Ուլվեմանի (Michael Ulveman) հետ։

Նշենք, որ Ռասմուսենի այս քայլը բավական տարածված է համաշխարհային պրակտիկայում։ Կարևոր պաշտոններ զբաղեցնող մարդիկ «թոշակի անցնելուց հետո» իրենց գործը շարունակում են նմանատիպ խորհրդատվական ընկերություններ հիմնելով և իրենց պաշտոնավարման ընթացքում ձեռք բերած տեղեկատվությունն ու կապերը հետագայում օգտագործվում են հիմնադրած ընկերություններում։

Տեղեկացնենք, որ Անդրես Ֆոգ Ռասմուսենը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում էր 2009 թվականից, մինչ այդ նա 13 տարի զբաղեցնում էր Դանիայի վարչապետի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքի  գլխավոր քարտուղարի պաշտոնը հոկտեմբերի 1-ից զբաղեցնում է Յենս Ստոլտենբերգը 5 տարի ժամկետով։

Յենս Ստոլտենբերգի նշանակման որոշումը Հյուսիսատլանտյան խորհուրդը կայացրել է դեռևս 2014-ի մարտի 28-ին, իսկ պաշտոնավարում է  հոկտեմբերի 1-ից։

Յենս Ստոլտենբերգը ազգությամբ նորվեգացի է, ծնվել է 1959-ին Օսլոյում։ Ստացել է տնտեսագետի կրթություն։ Նորվեգիայում զբաղեցրել է Էներգետիկայի ու արդյունաբերության նախարարի (1993-1996), Ֆինանսների նախարարի (1996-1997) պաշտոնները։

Հետագայում՝ 2000-2001 ու 2005-2013 թվականներին, զբաղեցրել է Նորվեգիայի վարչապետի պաշտոնը։ Ստոլտենբերգի վարչապետության տարիներին Նորվեգիան ավելացրել է ռազմական ծախսերն ու մասնակցել ՆԱՏՕ-ի ռազմական առաքելություններին։

One response to “ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարն խորհրդատվական ընկերություն է հիմնել

  1. Pingback: Ռասմուսենը պատմել է Ուկրաինայի նախագահի խորհրդական նշանակվելու և «աշխատավարձ» չստանալու մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *