Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մայիսի 27-ի հրամանով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը նշանակվեց երկրի նախագահի ոչ հաստիքային խորհրդականը: Վերջինիս նշանակման, պլանների և առաջիկա գործունեության մասին Ռասմուսենի հետ հարցազրույց է պատրաստել ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցից որոշ հատվածներ:
—Պարո´ն Ռասմուսենը, ե՞րբ և ինչպե՞ս են Ձեզ առաջարկել խորհրդական դառնալ: Մինչև նշանակումը հանդիպե՞լ եք Պորոշենկոյի հետ:
Ուկրաինական կողմը մեզ հետ, այսինքն՝ Կոպենհագենում Rasmussen Global ընկերության հետ է կապվել, հայտնելով, որ իրենց հետաքրքրում է ավելի խոր համագործակցությունը: Ես մեկնեցի Կիև, հանդիպեցի նախագահի և մի քանի պաշտոնյայի հետ: Վերջապես մենք համաձայնեցինք, որ ես կարող եմ խորհրդական դառնալ, ով չի լինի աշխատակազմի անդամ, չի լինի հաստիքով: Ես ընդամենը խորհրդական եմ, այսպես ասած արտաքին խորհրդական: Այժմ ես պարբերաբար կգնամ Կիև, ինչպես նաև եվրոպական այլ մայրաքաղաքներ, քանի որ իմ աշխատանքը միայն ուկրաինական շահերն առաջ տանելը չէ, այլ նաև ուկրաինական կողմի համար եվրոպացի առաջնորդների ազդակները ստանալն է:
—Այսինքն հիմա Դուք ուկրաինական պաշտոնյա՞ եք:
Ո´չ, ես դանիացի եմ, ով իր սեփական գործն ունի: Ես պարբերաբար խորհուրդներ եմ տալու ուկրաինացի նախագահին:
—Ուկրաինական կողմից հստակ առաջադրանք ստացե՞լ եք: Իրենց տեսակետից որպես խորհրդական ինչի՞ պիտի հասնեք:
Ուկրաինական կողմը սպասում է, որ ես եվրոպական մայրաքաղաքներ եմ տանելու իրենց տեսակետները և շահերը: Սա իհարկե իմ աշխատանքի մի մասն է, բայց ինչպես ասացի, ես իմ առաջադրանքն եմ համարում գործել նաև այլ ուղղությամբ. հավաքել խորհուրդներ և տեսակետներ եվրոպական մայրաքաղաքներում և հասցնել դրանք Ուկրաինա: Կարծում եմ, որ այս աշխատանքը երկու ուղղություն ունի:
— Ասում եք, որ սա աշխատանք է: Ձեզ դրա համար վճարելո՞ւ են:
Եթե մեզ հավելյալ ֆինանսավորում պետք լինի, իսկ ես կարծում եմ, որ այն մեզ պետք կգա, ես ինքս կդիմեմ մասնավոր ֆինանսավորման համար:
— Մասնավո՞ր ֆինանսավորում: Ոչ ուկրաինական պետության գումարներո՞վ:
Ո´չ, ոչ, դա լինելու է մասնավոր ֆինանսավորում:
— Այսի՞նքն մասնավոր անձիք ֆինանսավորելու են ուկրաինական պետության շահերը:
Կարելի է և այդպես ասել: Երբ մեզ ֆինանսավորում պետք կգա, ես կդիմեմ դրան ինքնուրույն: Ուկրաինական պետությունը, ուկրաինացի հարկատուները դրան չեն մասնակցելու:
— Իսկ ո՞րն է Ձեր անձնական նպատակը: Ինչի՞ եք ուզում Դուք հասնել: Ե՞րբ կարող եք ասել, որ Ձեր աշխատանքը կատարված է:
Մենք ուզում ենք, որ Ուկրաինայի արևելքում հակամարտությունն ավարտվի…
— Ղրիմի հետ իրավիճակն է՞լ է Ձեր մանդատի մեջ մտնում: Աշխատելո՞ւ եք Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու ուղղությամբ:
Իհա´րկե, հեռանկարում դա եվրոպական բոլոր պետությունների նպատակն է: Ինչպես մենք երբեք չենք ճանաչել Խորհրդային Միությանը բալթյան 3 երկրների՝ Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի անօրինական միակցումը, այդպես էլ մենք երբեք չենք ճանաչի Ղրիմի անօրինական միացումը Ռուսաստանին: Բայց սրան զուգահեռ ես խորհուրդ եմ տալու դա անհետաձգելի առաջնահերթություն չդարձնել:
— Կցանկանայի՞ք հանդիպել ռուսաստանյան պաշտոնյաների հետ, ո՞ր մակարդակի՝ նախագահի՞, արտգործնախարարի՞:
Ում հետ էլ լինի: Ես պատրաստ եմ հանդիպել ում հետ էլ լինի, ով կուզենա ինձ հետ հանդիպել:
— Մինչ Ուկրաինայի նախագահի խորհրդականը դառնալը, Դուք եղել եք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար: Ձեզ հասանելի է եղել կարևոր տեղեկատվություն: Խորհրդակցել եք արդյո՞ք ՆԱՏՕ-ի Ձեր նախկին գործընկերների հետ մինչև առաջարկն ընդունելը, Ձեզ ի՞նչ պատասխանեցին:
Ո´չ, չեմ արել: Երբ հեռանում եք ՆԱՏՕ-ից, գրավոր ոչ մի պարտավորվածություն չկա, բացառությամբ գաղտնի տեղեկության չբացահայտելը, ինչը ես չեմ անում: Բայց սրան զուգահեռ, գրավոր կանոններ չկան, թե ինչ կարելի է անել և ինչ՝ ոչ: Ես ինքս եմ ինձ վրա սահմանափակումներ դրել առաջիկայում չհամաձայնել ոչ մի բանի, ինչ կապված է պաշտպանության և անվտանգության հետ: Բայց ընթացքում կարելի է դա էլ անել:
— Բայց Դուք հանդիպելո՞ւ եք ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ ներկայիս պարտականությունների շրջանակում:
Իհա´րկե: Ինչպես նաև ԵՄ-ի և այլոց հետ:
— Այսինքն Դուք ուկրաինական կողմին առաջարկություններ եք անելո՞ւ ռազմական և անվտանգության հարցերի շուրջ:
Հատուկ՝ ոչ: Բայց բացառված չէ, որ եթե անվտանգության հետ կապված հարցեր առաջանան, Վարշավայում կայանալիք գագաթաժողովից առաջ և այլն, ես կներկայացնեմ իմ առաջարկությունները: Բայց ինձ չեն վարձել հենց ռազմական և անվտանգության հարցերի համար: