Պաշտոնական Թեհրանը հաստատել է, որ Իրանի զինուժի զինծառայողները մասնակցել են Իրաքի տարածքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալների դեմ մարտական գործողություններին։
Ինչպես հաղորդում է ամերիկյան Fox News պարբերականը, Իրանի ԶՈւ մոտ 70 զինծառայողներ 2014-ի ամռան ընթացքում աջակցել են Իրաքի քրդերին Արբիլ քաղաքն իսլամիստներից պաշտպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի ռազմական-տիեզերական զորքերի հրամանատար Ամիր Ալի-Հաջիզադեն։ Նա մանրամասնել է, որ Իրաք են ուղարկել այդ թվում «Էլ Քուդս» բրիգադի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիին։ Սույն բրիգադը մասնագիտացած է Իրանի տարածքից դուրս հատուկ գործողություններ իրականացնելու մեջ։
Նկատենք, որ ավելի վաղ Թեհրանը հերքում էր, թե զինծառայողների ու զենք-զինամթերք է ուղարկել Իրաք՝ իսլամիստների դեմ պայքարում իր լուման ներդնելու համար։
Այդուհանդերձ, 2014-ի հունիսին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ Իրանը պատրաստ է ռազմական օգնություն ցուցաբերել Իրաքին։ Ամերիկյան The Wall Street Journal պարբերականն ընդգծում է, որ իրենց աղբյուրների համաձայն՝ Իրանի զինծառայողները մասնակցել են նաև իրաքյան Տիգրիտ քաղաքի մարտերին։
Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում ինչպես նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ այլ ընդդիմադիր խմբերի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։
Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։
Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։