Բելգիան ու Նիդեռլանդները կործանիչներ են ուղարկելու՝ Իրաքի իսլամիստների դեմ պայքարին

Բելգիայի ու Նիդեռլանդների իշխանությունները սեպտեմբերի 24-ին հայտարարել են, թե մասնակցություն են ունենալու Իրաքում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման դեմ պայքարին։

F-16, Բելգիա ՌՕՈւ

F-16, Բելգիա ՌՕՈւ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, այս երկու երկրները նախատեսել են ուղարկել 6-ական միավոր F-16 կործանիչներ ԱՄՆ-ի ռազմական գործողությանը սատարելու նպատակով։ Ինքնաթիռները պետք է որ կայանեն Հորդանանի տարածքում։

Բացի այդ, Բելգիան մտադիր է ուղարկել ինքնաթիռները սպասարկող 120 հոգանոց անձնակազմ, իսկ Նիդեռլանդները՝ 250 հոգի, ինչպես և 130 հոգի ռազմական տեսուչներ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Պարզ չէ, թե երբ են այս պետություններն ուղարկելու իրենց կործանիչներն Իրաք։

Նկատենք, որ սեպտեմբերի 25-ին հայտնի է դարձել՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խորհրդարանից թույտվություն է խնդրելու «Իսլամական պետության» դեմ ռազմական գործողության մասնակցության առնչությամբ։ Ֆրանսիան էլ իր հերթին մտադիր չէ Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին, ինչի մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը:

Նույն ժամանակ Սիրիայում ԱՄՆ ռազմաօդային ուժերը շարունակում են հարվածներ հասցնել իսլամիստների դիրքերին։ «Ռոյթերսի» տվյալներով՝ սեպտեմբերի 24-ի դրությամբ այդ հարվածների հետևանքով սպանվել է 15 զինյալ, ինչպես և 5 խաղաղ բնակիչ։ Սիրիայի պատկան մարմինները շարունակում են պնդել, որ ԱՄՆ-ն համաձայնեցրել ու համաձայնեցնում է իր օդային հարվածները Սիրիայի իշխանությունների հետ։

Հավելենք, որ վերջին տարիներին Սիրիայում ինչպես նախագահ Բաշար Ասադի, այնպես էլ այլ ընդդիմադիր խմբերի դեմ ակտիվորեն գործող «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները մեծ իրարանցում առաջացրին միջազգային ասպարեզում, երբ 2014-ի հունիսի կեսերին հաշված օրերի ընթացքում կարողացան փախուստի մատնել իրաքյան բանակն ու հսկողություն սահմանել երկրի հյուսիս-արևմտյան շրջանների՝ ներառյալ մեծությամբ երկրորդ Մոսուլ քաղաքի նկատմամբ։ Դրան հաջորդեցին այդ շրջանում բնակվող եզդիների կոտորածները, որոնց ընթացքում իսլամիստների զոհը դարձան շուրջ 10 հազար տեղաբնակներ։

Այս իրադարձություններից հետո, այսպես կոչված, միջազգային հանրությունը որոշեց միջամտել Իրաքում ստեղծված իրավիճակին ու ռազմական օգնություն ցուցաբերել իսլամիստների դեմ կռվող ուժերին։

Օգտվելով առիթից՝ Միացյալ Նահանգները սկսեց ավելի հաճախ շեշտել, որ իսլամիստները հենակետեր ունեն նաև Սիրիայի տարածքում, որոնց «չեզոքացման համար երկրի նախագահ Բաշար Ասադը չունի բավական ներուժ և այդ հարցում անհրաժեշտ է արտաքին միջամտություն»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *