Իսրայելի զինծառայողները ոչնչացրել են 3 իսրայելցի պատանիների սպանած պաղեստինցիներին

Իսրայելի պաշտպանության բանակը հատուկ գործողության արդյունքում ոչնչացրել է 2 պաղեստինցիների, որոնք, համաձայն իսրայելական աղբյուրների, կասկածվում էին 3 իսրայելցի անչափահասների սպանության համար։Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում  տեղեկացրել է Իսրայելի բանակի մամուլի ծառայության ղեկավար Փիթեր Լեյները։ Հայտնի է, որ զինծառայողները ուշ գիշերվա ժամերին շրջափակել են Հորդանան գետի արևմտյան ափին Հևրոն քաղաքի տներից մեկը, որտեղ պատսպարվում էին, ըստ Իսրայելի, ՀԱՄԱՍ շարժմանն անդամակցող Ամեր Աբու Այշան և Մարվան Քավասմեն։ Փոխհրաձգության հետևանքով 2 երիտասարդներն էլ սպանվել են, իսկ Քավասմեի ընտանիքի 3 անդամներ ձերբակալված են։

Հիշեցնենք, որ Քֆար-Էցիոն բնակավայրում ուսանող 3 իսրայելցիներ անհետ կորել էին հունիսի 12-ին։ Ականատեսները տեղեկացրել էին, որ նրանք նստել են Հևրոնից շարժվող մի ավտոմեքենա։ Հաջորդ իսկ օրն Իսրայելի բանակը սկսել է որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում ձերբակալվել էին 500 պաղեստինցիներ։ Անհետ կորածների դիերը հատնաբերվել են հունիսի 30-ին։ Դրան հետևել է Իսրայելի սկսած լայնածավալ հատուկ գործողությունը Գազայի հատվածի զինյալների դեմ։ Սակայն գործողության պատճառով սպանվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ. պաղեստինյան կողմը հայտնում է 1746 սպանվածի (400-ը՝ երեխաներ), ավելի քան 9 հազար վիրավորի մասին։ Միջազգային մամուլում հնչել է այն տեսակետը, որ իսրայելցի պատանիների սպանությունը զուտ հարմար պատրվակ էր Իսրայելի համար Գազայի հատվածում հատուկ գործողություն սկսելու։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *