Իսրայելի հրթիռակոծումները վնասել են Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը

Գազայի հատվածի հրթիռակոծման հետևանքով միայն հուլիսի 30-ի առավոտյան սպանվել է 50 հոգի, որոնցից 20-ը՝ ՄԱԿ-ի կողմից հովանավորվող դպրոցին հրթիռով հարվածելու պատճառով։ Նույն դպրոցը հրթիռակոծվել էր Իսրայելի կողմից դեռևս հուլիսի 17-ին՝ հանգեցնելով 17 հոգու մահվան։ Դպրոցում պատսպարվում էին հիմնականում փախստականները։

Գազայի հատվածն իսրայելական հրթիռակոծման ժամանակ

Գազայի հատվածն իսրայելական հրթիռակոծման ժամանակ

Այս մասին տեղեկացնում է  «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ Համաձայն աղբյուրի՝ իսրայելական կողմի հրթիռակոծումը հանգեցրել է նաև Գազայի հատվածում միակ էլեկտրակայանի վնասմանը։ Պաղեստինյան կողմի տվյալներով՝ վնասը նշանակալից է, ուստի էլեկտրակայանը թերևս մեկ տարի չկարողանա գործել։ Սակայն իսրայելական կողմը շարունակում է պնդել, թե իր հարձակման թիրախը բացառապես ՀԱՄԱՍ-ի զինյալների տեղակայման կետերն էին։

Ներկա դրությամբ պաղեստինյան կողմը հաղորդել է 1221 սպանվածի մասին, որոնց զգալի մասը խաղաղ բնակիչներ են։ Իսրայելը տեղեկացրել է 56 սպանվածի մասին, որոնց մեծ մասը զինծառայողներ են։

Հիշեցնենք, որ հուլիսի 29-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել Իսրայելի բնակիչներին պատրաստ լինել «Գազայի հատվածում տևական ռազմական գործողություններին»։ ՀԱՄԱՍ-ն էլ կոչ է արել հիմնականում Լիբանանում գործող «Հըզբոլլահ» շիական խմբավորմանը «երկրորդ ճակատ բացել» և աջակցել իրենց Իսրայելի դեմ պայքարում։

Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։

Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։

Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։

Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։

Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։

One response to “Իսրայելի հրթիռակոծումները վնասել են Գազայի հատվածի միակ էլեկտրակայանը

  1. Pingback: Իսրայելի զինծառայողները ոչնչացրել են 3 իսրայելցի պատանիների սպանած պաղեստինցիներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *