Այսօր երեկոյան կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 4-ին եռակողմ հանդիպում է ունենալու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ։

Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական կայքը, որտեղ նշված է, թե ինչպիսի ժամանակացույցով է հանդիպումներ ունենալու Քերին։

Հայտնի է, որ նախագահները կհանդիպեն Երևանի ժամանակով 20։30-ին։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 3-ի երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

ՀՀ նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:

Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

One response to “Այսօր երեկոյան կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը

  1. Pingback: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *