ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն սեպտեմբերի 3-ի երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
ՀՀ նախագահը կմասնակցի Նյուպորտում սեպտեմբերի 4-ին կայանալիք ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ISAF) առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: Սերժ Սարգսյանը հանդես կգա ելույթով:
ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձևաչափով վերջին այս hանդիպմանը կամփոփվեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի առաքելության արդյունքները և կնախանշվեն նոր՝ «Հաստատակամ աջակցություն» առաքելության ուղղությունները:
Հայաստանը, 2010 թվականից ի վեր լինելով միջազգային այդ առաքելության մասնակից և միջազգային ուժերի կազմում տեղակայելով մինչև 126 հոգանոց զորախումբ, իր ներդրումն է ունեցել Աֆղանստանում անվտանգության ու ներազգային համերաշխության հաստատման ուղղությամբ գործադրվող միջազգային հավաքական ջանքերին և հանձնառու է շարունակելու մասնակցությունը նոր առաքելության շրջանակներում:
Սեպտեմբերի 4-ի երեկոյան հանդիպման մասնակիցների համար կտրվի ընդունելություն Ուելսի արքայազն Չարլզի անունից և ոչ պաշտոնական ընթրիք՝ ի պատիվ մասնակից երկրների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների, տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Pingback: Իլհամ Ալիևը մասնակցելու է ՆԱՏՕ-ի գագաթաժողովին | Ռազմ.info
Pingback: Այսօր երեկոյան կհանդիպեն Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info