Ադրբեջանի ու Ֆրանսիայի բանակցություններն արբանյակի շուրջ ավարտին են մոտենում

Ֆրանսիական Airbus Defence and Space ընկերության և ադրբեջանական «Ազերկոսմոս» ԲԲԸ-ի բանակցություններն ադրբեջանական կողմին SPOT-7 հետախուզական արբանյակի կառավարումը հանձնելու ուղղությամբ ավարտին են մոտենում։

Ինչպես հաղորդել է լրագրողներին Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը, արդեն ավարտվում են աշխատանքները համապատասխան փաստաթղթերը կնքման պատրաստելու ուղղությամբ։ Նախարարի խոսքերով՝ ադրբեջանական կողմը հույս ունի արդեն 2014-ին ստանձնել արբանյակի կառավարումը։

Հիշեցնենք, որ  SPOT-7 արբանյակը նախատեսված է Երկրի մակերևույթի զոդավորման համար։ Այն արձակվել է 2013-ի փետրվարին։ Պաշտոնական տվյալներով՝ արբանյակի գործարկումը հնարավորություն կտա առցանց բարձրորակ ու հստակ պատկերներ ստանալ Երկրի մակերևույթից։ Airbus Defence and Space ընկերության՝ պաշտպանական, տիեզերական հաղորդակցության և անվտանգության գծով ղեկավար Էբերթ Դուդոքի խոսքերով՝ այս օպտիկական արբանյակի գործարկումը թույլ է տալիս ընդլայնել գերմանական արտադրության TerraSAR-X  (արձակվել է 2007-ի հունիսի 15-ին Բայկոնուրից) ու Tandem-X (արձակվել է 2010-ին) ռադարային արբանյակների հնարավորությունները։

Հավելենք, որ «Ազերկոսմոս» ԲԲԸ-ն ստեղծվել է Ադրբեջանի նախագահի հրամանագրով 2010-ի մայիսին։ ԲԲԸ-ի բոլոր բաժնետոմսերը պատկանում են Ադրբեջանի իշխանություններին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *