Թուրքիայի աերոտիեզերական արդյունաբերություն (TAI) ընկերությունն ավարտել է Պակիստանի ռազմաօդային ուժերի վերջին 4 միավոր F-16 կործանիչների արդիականացումը։ Այս մասին սեպտեմբերի 2-ին հայտարարել է թուրքական ընկերությունը։
Թուրքական կողմը պակիստանյան կործանիչների արդիականացման աշխատանքները սկսել էր 2009 թվականին։ Ընդհանուր առմամբ, թուրքերը 41 միավոր F-16 են արդիկանացրել պակիստանյան կողմի համար։
TAI-ն փոխել է ինքնաթիռների էկեկտրոնային սարքավորումների մի մասը, ինչպես նաև որոշակի կառուցվածքային փոփոխություններ կատարել։ Բացի այդ, պակիստանցի օդաչուները վերապատրաստման կուրսեր են անցել Թուրքիայում։ Պաշտոնական աղբյուրները չեն նշում, թե արդիականցումը որքան է արժեցել Պակիստանին։
Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ պակիստանյան օդուժն ունի 37 միավոր միատեղանոց F-16A/C և 27 միավորանոց երկտեղանոց F-16B/D ինքնաթիռներ։ Բացի այդ, 2014 թվականի սկզբին հայտնի դարձավ, որ Պակիստանը Հորդանանից գնում է 13 միավոր օգտագործված F-16A/B Fighting Falcon Block 15 կործանիչներ։
Նշենք, որ TAI ընկերությունն ավելի վաղ զբաղվել է նաև թուրքական կործանիչների արդիականացմամբ։ Այս ընկերությունն է ստեղծել թուրքական առաջին ուսումնամարտական ինքնաթիռը՝ «Հյուրքուշը», առաջին հարվածային ուղղաթիռը՝ T129 Աթաքը, ինչպես նաև «Անքա» անօդաչու թռչող սարքի նախագծողն է։ Այն համագործակցում է նաև մի շարք միջազգային ավիաշինական ընկերությունների հետ՝ մատակարարելով մասեր կամ արդիկանացումներ անելով։