Իրանը ներկայացրել է անօդաչուներ հայտնաբերող իր նոր ռադիոտեղորոշման կայանները

Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է նոր ռադիոտեղորոշման կայաններ՝ Arash-2 ու Kayhan, որոնք ունակ են հայտնաբերել անօդաչու թռչող սարքեր։

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոր սպառազինությունների ցուցադրմանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին նոր սպառազինությունների ցուցադրմանը

Ինչպես հաղորդում է Defense News ռազմական կայքը, Arash-2-ն (Արաշ-2) ունակ է հայտնաբերել անօդաչուներ մինչև 150 կմ հեռավորության վրա, իսկ Kayhan-ն (Կայհան) ունակ է նաև հրթիռներ հայտնաբերել։ Համաձայն իրանական պաշտոնական աղբյուրների՝ երկու ՌՏԿ-ներն էլ ակնկալում են հանձնել իրանական ռազմաօդային ուժերի շահագործմանն առաջիկայում՝ ընդգրկելով ՀՕՊ ստորաբաժանումների կազմում։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ 2014-ի օգոստոսի վերջին Իրանը ներկայացրել էր 2 նոր թևավոր հրթիռներ՝ Ghadir ու Nasr-e Basir, որոնք աչքի են ընկնում քիչ նկատելիությամբ։ Բացի այդ, իրանցի զինվորականները հայտարարել էին Karrar-4 և Mohajer-4 անօդաչու թռչող սարքերի ստեղծման մասին։

Հավելենք նաև, որ սեպտեմբերի 2-ին հայտնի էր դարձել՝ Իրանը փորձարկել է իր նոր Bavar-373 հակահրթիռային պաշտպանության համալիրը։ Այս ՀՕՊ համակարգն իրանցիները համարում են ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ների այլընտրանք, որը որոշ չափորոշիչներով «անգամ գերազանցում է ռուսաստանյան նախատիպին»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *