Թուրքիան կրկին կործանիչներ է օդ բարձրացրել սիրիական ինքնաթիռի թռիչքի ժամանակ

Թուրքիայի զինված ուժերը Սիրիայի հետ սահմանին կրկին կործանիչներ են օդ բարձրացրել, երբ սիրիական ինքնաթիռը սահմանին մոտ թռիչք է իրականացրել։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական օդուժն օդ է բարձրացրել 2 միավոր F-16 կործանիչ, երբ թուրք-սիրիական սահմանի մոտակայքում թռիչք է կատարել Սիրիայի ռազմաօդային ուժերի Սու-22 գրոհիչը։

Սիրիական ինքնաթիռը չի հատել թուրքական օդային տարածքը և քիչ անց հեռացել է սահմանային հատվածից, ինչից հետո թուրքական կործանիչներն իջեցվել են։

Նշենք, որ վերջին ամիսներին թուրքական օդուժը մշտապես օդ է բարձրացնում իր կործանիչները, երբ սիրիական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները Թուրքիայի և Սիրիայի սահմանի մոտակայքում թռիչքներ են իրականացնում։

2013-ի սեպտեմբերին նման թռիչքի ժամանակ թուրքական կործանիչը կրակ էր բացել պատահաբար Թուրքիայի օդային տարածքը հատած սիրիական Մի-17 ուղղաթիռի վրա` վայր գցելով այն: Ուղղաթիռն ընկել էր Սիրիայի տարածքում։

2014 թվականի մարտին Թուրքիան վայր գցեց Սիրիայի ԶՈւ ՄիԳ-23 կործանիչը`մեղադրելով սահմանը խախտելու համար:

Հավելենք, որ պաշտոնական Անկարան աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող ուժերին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *