ՌԴ ԶՈւ մոտ հազար զինծառայողներ ժամանել են Չինաստան՝ զորավարժությանը մասնակցելու

Ռուսաստանյան զինուժի զինտեխնիկայի վերջինշարասյուները և ուղղաթիռներն օրերս արդեն ժամանել են Չինաստան՝ մասնակցելու «Խաղաղ առաքելություն 2014» զորավարժությանը, որն անցկացվելու է 2014-ի օգոստոսի 24-ը 29-ն ընկած ժամանակահատվածում։

ՌԴ ԶՈւ զինծառայողները ժամանել են Չինաստան

ՌԴ ԶՈւ զինծառայողները ժամանել են Չինաստան

Այս մասին ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության ղեկավար գնդապետ Ալեքսանդր Գորդեևը։

Նրա խոսքերով՝ զորավարժություններն անցկացվելու են Չինաստանի Խուխ-Խոտո քաղաքի մերձակայքում՝ Չժուժիհե զորավարժարանում։ Դա համարվում է Կենտրոնական Ասիայում ամենախոշոր համազորային զորավարժարաններից մեկը։ Օգոստոսի 18-ին այստեղ են ժամանել ՌԴ Զաբայկալի շրջանի մոտոհրաձգային ստորաբաժանման շուրջ 1000 զինծառայողներ։ Գորդեևը շեշտել է՝ ՌԴ ԶՈւ զինծառայողները ժամանումից անմիջապես հետո ստանձնել են առաջիկա վարժանքներին ռազմական տեխնիկայի պատրաստման աշխատանքները, ապա անցել են համատեղ նախավարժանքների։ Գորդեևը հավելել է, որ Չինաստան են ժամանել ՌԴ ռազմաօդային ուժերի՝ Պրիմորսկի շրջանում տեղակայված ռազմակայանին պատկանող 8 միավոր Մի-8ԱՄՏՇ ուղղաթիռները, որոնք զորավարժությունների ընթացքում կրակային աջակցություն են ապահովելու ՌԴ ԶՈւ զինծառայողներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին հայտնի էր դարձել՝ ՌԴ ԶՈւ Արևելյան ռազմական օկրուգի շուրջ 900 զինծառայող և 100 միավոր ռազմական տեխնիկա երկաթուղային միջոցներով Ռուսաստանից ճանապարհվել են Չինաստան՝ «Խաղաղ առաքելություն-2014» զորավարժությանը մասնակցելու համար։

Նշենք, որ «Խաղաղ առաքելություն-2014»-ը «Շանհայի համագործակցության կազմակերպության» (ՇՀԿ) անդամ պետությունների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունն է, որին բացի ՌԴ-ից և Չինաստանից մասնակցում են նաև Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *