Բաքվում կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու են ֆրանսիական 15 ընկերություններ

2014-ի սեպտեմբերի 11-13-ն Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալու է ADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսը, որին պաշտոնապես իրենց մասնակցությունն են հաստատել ֆրանսիական 15 ընկերություններ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, սույն 15 ընկերություններից 7-ը ցուցադրելու են իրենց արտադրանքը ֆրանսիական CIFAL France ընկերության տաղավարում, իսկ մնացյալներն ունենալու են առանձին ցուցատախտակներ։

Հարկ է նշել, որ CIFAL France ընկերությունը դեռևս 1993-ից գործունեություն է ծավալում Բաքվում և 1996-ից ունի իր մշտական ներկայացուցչությունը։ Այն Ադրբեջանում արտադրանք է մատակարարում նավթային սեկտորի ընկերություններին և ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներով զբաղվող կազմակերպություններին։ Իր մասնաճյուղերն ունի նաև Ղազախստանում, Թուրքմենստանում, Ուզբեկստանում, Չինաստանում, ՌԴ-ում և այլ երկրներում։
Նկատենք, որ վերջին շրջանում Ադրբեջանը համագործակցում է ֆրանսիական վագոնաշինական ընկերությունների հետ։ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Ադրբեջան կատարած այցի շրջանակներում մայիսի 12-ին կայացավ ֆրանս-ադրբեջանական գործարար համաժողով՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ։ Դրա ընթացքում կնքվեցին երկկողմ մի քանի պայմանագրեր։ Դրանց շարքում է Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի և ֆրանսիական Alstom ընկերության՝ Alstom Transport երկաթգծեր, վագոններ, ենթակառուցվածքային տեխնիկա արտադրող դուստր ձեռնարկության տնօրեն Անրի Պուպո Լաֆարգի միջև բեռնատար գնացքաքարշեր գնելու առնչությամբ կնքված պայմանագիրը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *