ՀՀ ԶՈւ-ն դիվերսիոն գործողություն չի իրականացրել. ադրբեջանական կողմի լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, թե իբր  «այսօր՝ օգոստոսի 7-ին՝ 13։30-ի սահմաններում, հայ դիվերսանտների մի խումբ փորձել է անցնել սահմանը Թովուզի հատվածում, 4-ն էլ սպանված են, 1-ը գերի է»։ ՀՀ ՊՆ-ն հերքում է այս տեղեկությունը։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնել է. «Ադրբեջանի ՊՆ-ն իր գործելաոճը մեզ է որդեգրում։ Հայկական զինուժը սահմանին դիվերսիոն գործողություններ չի իրականացրել։ Եթե իրենք պնդում են՝ իբր սպանել են «4 հայ զինծառայողի», ապա որտե՞ղ են նրանց դիակները։ Հայկական դիվերսիայի մասին լուրն ադրբեջանական կողմի հերթական ապատեղեկատվություն է»։

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ի ներկայացրած, «գերի ընկած դիվերսանտը» սահմանն անցած ՀՀ քաղաքացի, ենթադրաբար Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն է, որի գերի լինելու վերաբերյալ լուրը հայկական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել այս պահի դրությամբ։

Բացի այդ, ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը հրապարակել է լուսանկարների շարք՝ իրենց ՊՆ-ի վերոհիշյալ հայտարարությանը կից, որտեղ ներկայացված են միայն քաղաքացիական հագուստով մեկը, ադրբեջանական սահմանամերձ գյուղի բնակիչներն ու գյուղից տեսարաններ։ Այլ մանրամասներ ադրբեջանական կողմը չի հրապարակել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *