Լատինական Ամերիկայի ու Հարավարևելյան Ասիայի որոշ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի ու Հնդկաստանի համատեղ արտադրած BrahMos գերձայնային հրթիռների նկատմամբ: Այս մասին, ըստ Army Recognition կայքի, հայտնել է հրթիռներն արտադրող BrahMos Aerospace ընկերության տնօրեն Սուդիր Կումար Միշրան (Sudhir Kumar Mishra):
Ընկերության տնօրենը նշել է, որ Հնդկաստանն ու Ռուսաստանը պատրաստ են արտահանել հրթիռները, եթե պաշտոնական առաջարկներ լինեն, սակայն չի հստակեցրել, թե որ երկրներն են հրթիռները գնելու մտադրություն հայտնել: Կայքի ունեցած աղբյուրը, սակայն, տեղեկացրել է, որ այդ երկրներն են Վիետնամը, Ինդոնեզիան ու Վենեսուելան:
Ավելացնենք, որ Ռուսաստանի ու Հնդկաստանի նախագծած BrahMos հրթիռները հիմնականում նախատեսված են եղել նախագծող երկու երկրների զինված ուժերի մատակարարման համար, սակայն ի սկզբանե չի բացառվել նաև դրանց արտահանումը: Հրթիռների նախագծումը կատարել են 1998-ից սկսած, իսկ առաջին անգամ ներկայացրել են 2006-ին։
Ներկայում այս հրթիռներից մի քանի հարյուր միավոր առկա է Հնդկաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։ Ստեղծվել են հրթիռի մի շարք արդիականացումներ մակերևույթից, օդից ու սուզանավերից արձակման համար։ Կատարվել է հրթիռի ավելի քան 40 փորձարկում:
Հրթիռի զանգվածը 3 տոննա է (օդից արձակվող տարբերակը՝ 2,5 տոննա), իսկ մարտական մասի զանգվածը՝ 250-300 կգ, հրթիռը կարող է տեղափոխել նաև միջուկային մարտագլխիկ։ Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը 15 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ 300 կմ։ Հրթիռը թռչում է ձայնի արագությունը 2 անգամ, իսկ մեծ բարձրությունների դեպքում՝ մինչև 2,8 անգամ գերազանցող արագությամբ։