Ռուսաստանը փորձարկել ու վերադարձրել է իտալական անվավոր տանկերը

Իտալիայի տրամադրած Centauro անվավոր տանկերը Ռուսաստանում փորձարկումների ենթարկելուց հետո ռուսաստանյան կողմը դրանք հետ է ուղարկել Իտալիա, հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Ռուսաստանյան զինված ուժերում այս քայլը հիմնավորել են նրանով, որ տանկը ունի բավական առավելություններ, օրինակ բարձր մանևրայնություն, սակայն դրա պաշտպանվածության մակարդակը չի բավարարում ՌԴ զինված ուժերին: Ըստ ռուսաստանյան կողմի՝ տանկը պաշտպանված է միայն հրազենային կրակից, իսկ թնդանոթների կրակին այն չի դիմանում:

Իտալական Centauro անվավոր տանկ

Իտալական Centauro անվավոր տանկ

Մինչ այս՝ 2012-ին, Ռուսաստանը փորձարկումների համար երկու միավոր Centauro անվավոր տանկեր էր ներկրել Իտալիայից: Դրանցից մեկի վրա դրված էր 105 մմ, մյուսի վրա՝ 120 մմ թնդանոթ: Տանկերը ռուսաստանյան կողմը պիտի փորձարկեր, ինչից հետո եզրակացություն հայտներ՝ կգնի իտալական տանկերից, թե ոչ:

Սակայն 2014-ի հունիսին ռուսաստանյան կողմը արդեն հայտնեց, որ մտադիր չէ գնել տանկերը ու անհրաժեշտության դեպքում կարող է սեփական անվավոր տանկ ստեղծել: Ներկայում էլ, փաստորեն, Ռուսաստանը Իտալիային է վերադարձնում փորձարկված տանկերը:

Centauro տանկն ունի 25 տոննա զանգված ու ապահովում է պաշտպանություն մինչև 12,7 մմ փամփուշտներից, ինչի պատճառով այն երբեմն անվանում են զրահապատ ավտոմեքենա: Տանկի հիմնական սպառազինությունը 105 մմ-անոց թնդանոթն է, որը նախատեսված է այլ տանկերի ոչնչացման համար: Տանկի վրա տեղադրված են նաև երկու 7,62 մմ գնդացիրներ: Centauro-ի անձնակազմը 4 մարդ է:

Իտալական տանկի արտադրությունը սկսվել է 1991-ին, նույն տարվանից այն սպառազինության մեջ է: Տանկն առկա է ինչպես Իտալիայի, այնպես էլ Իսպանիայի ԶՈւ սպառազինության մեջ: Բացի Ռուսաստանից, փորձարկումների նպատակով այս տանկերից որոշ քանակություն ներկրել են նաև ԱՄՆ-ն ու Օմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *