Բելառուսական ընկերությունը Եգիպտոսի 500 զրահափոխադրիչ է արդիականացրել

«Մինոտոր-Սերվիս» բելառուսական ընկերությունը արդիականացրել է Եգիպտոսի զինված ուժերի 500 միավոր ԲՏՌ-50ՊԿ թրթուռավոր հնացած զրահափոխադրիչներ, ինչի համար Եգիպտոսը կվճարի շուրջ 100 մլն ամերիկյան դոլար: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելապան» (БелаПАН) լրատվական գործակալությունը:

Բելառուսական ընկերությունը արդիականացման ամբողջ աշխատանքը կատարել է հենց Եգիպտոսում, իսկ մասնագետներն ու անհրաժեշտ միջոցները բերվել են Բելառուսից:

Արդեն հնացած ԲՏՌ-50ՊԿ զրահափոխադրիչների արդիականացման արդյունքում դրանց վրա տեղադրվել են նոր դիզելային շարժիչներ, ինչի արդյունքում մեքենաների առավելագույն արագությունը 45-ից հասցրել են մինչև 60 կմ/ժ-ի, իսկ երթի պաշարը 400 կմ-ից հասել է մինչև 450 կմ-ի:

Բելառուսական ԲՏՌ-50ՊԿՄ զրահափոխադրիչը

Բելառուսական ԲՏՌ-50ՊԿՄ զրահափոխադրիչը

Կատարվել են նաև այլ փոփոխություններ, ինչի արդյունքում զրահափոխադրիչը, ըստ նախագծող ընկերության, կարող է մասնակցել ռազմական գործողություններին՝ համագործակցելով ժամանակակից ռազմական տեխնիկայի հետ:

Նշենք, որ խորհրդային ԲՏՌ-50 զրահափոխադրիչի նոր արդիականացումը բելառուսական ընկերությունն առաջին ներկայացրել էր Կուալա-Լումպուրում (Մալայզիա) 2014-ի ապրիլին անցկացված ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Նպատակը ԲՏՌ-50 զրահափոխադրիչներ ունեցող ասիական երկրների տվյալ մեքենաներն արդիականացնելու պատվերներ ստանալն էլ: Սակայն ընկերությունը, փաստորեն, կարողացավ պայմանավորվել Եգիպտոսի հետ:

Ներկայում էլ բելառուսական «Մինոտոր-Սերվիսը» մասնակցում է Եգիպտոսի զինված ուժերի OT-62 (TOPAS) զրահափոխադրիչների արդիականացման մրցույթին: Պետք է նշել, որ OT-62 զրահափոխադրիչները խորհրդային ԲՏՌ-50-ի՝ Չեխոսլովակիայում կամ Լեհաստանում արտոնագրով արտադրված տարբերակն են:

Ավելացնենք, որ բազային ԲՏՌ-50 զրահափոխադրիչը նախագծվել է ԽՍՀՄ-ում 1952-ին ու սերիական արտադրության է եղել 1954-1970 թվականներին, որից հետո նրան փոխարինել են ավելի կատարելագործված զրահափոխադրիչներ: ԲՏՌ-50-ի անձնակազմը 2 հոգի է, այն կարող է տեղափոխել մինչև 20 դեսանտային:

Զրահափոխադրիչի նախնական տարբերակների վրա տեղադրված է եղել 14,5 ԿՊՎՏ գնդացիր, որին հետագայում փոխարինել է 7,62 ՊԿՄԲ գնդացիրը: Մեքենան թրթուռավոր է ու լողացող, ունի 240 ձիաուժանոց շարժիչ, որը թույլ է տալիս խճուղիներում զարգացնել մինչև 45 կմ/ժ արագություն:

ԲՏՌ-50-ն ունի մի քանի արդիականացումներ, իսկ նրա հիմքի վրա հետագայում նախագծվել են խորհրդային ՊՏ-76 լողացող տանկն ու այլ տեխնիկա: Ներկայում այս զրահամեքենայից մնացել է մի քանի երկրների ԶՈւ սպառազինության մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *