Ռուսաստանը կբավարարվի Իտալիայից գնած մի քանի տանկերով

Իտալիայից գնած մի քանի միավոր Centauro անվավոր տանկերը բավարար կլինեն Ռուսաստանի համար, և ռուսաստանյան կողմն այլևս չի գնի այդ տանկերից, ինչի մասին ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:

Իտալական Centauro անվավոր տանկ

Իտալական Centauro անվավոր տանկ

Փոխնախարարի խոսքով՝ Ռուսաստանի միջազգային հեղինակությունը պահպանելու նպատակով իրենք կատարել են ՊՆ նախորդ ղեկավար կազմի պայմանավորվածությունն ու գնել են իտալական տանկերը, սակայն տեխնիկայի ուսումնասիրությունից հետո ռուսաստանյան կողմն արդեն պատրաստ է սեփական ձեռնարկություններում արտադրել անվավոր տանկեր: Սրա շնորհիվ Ռուսաստանի ՊՆ-ն կհրաժարվի տանկերի մեծ խմբաքանակների գնումից, իսկ եթե անհրաժեշտ լինի հավելյալ օգնություն, Ռուսաստանի ՊՆ ղեկավարությունը մտադիր է դիմել իտալական նախագծողներին:

Բորիսովը նաև հայտնել է, որ Ռուսաստանը նման փորձ արդեն ունի: Մասնավորապես իտալական Iveco ընկերության Iveco LMV M65 զրահամեքենաներից, որոնք Ռոսաստանում ստացան «Ռիս» (ռուս՝ Рысь) անվանումը, զինված ուժերը հրաժարվեցին այն ժամանակ, երբ զրահատեխնիկա արտադրող ռուսաստանյան ընկերությունները կարողացան ստեղծել «Տիգր» (ռուս՝ Тигр) զրահամեքենաները:

Չնայած դրան՝ պետք է նշել, որ մինչև «Տիգրերի» արտադրությունը սկսելը, Ռուսաստանը, տարբեր աղբյուրների համաձայն, հասցրել էր գնել ավելի քան 700 միավոր մեքենաներ, իսկ դրանց արտոնագրով արտադրությունը Ռուսաստանում պիտի հասցվեր մինչև 1700 միավորի:

Իտալական Centauro անվավոր տանկերից Ռուսաստանը ներկայում գնել է մի քանի միավոր, թեև դրանց հստակ քանակը չի նշվում: Centauro տանկն ունի 25 տոննա զանգված ու ապահովում է պաշտպանություն մինչև 12,7 մմ փամփուշտներից, ինչի պատճառով այն երբեմն անվանում են զրահապատ ավտոմեքենա: Տանկի հիմնական սպառազինությունը 105 մմ-անոց թնդանոթն է, որը նախատեսված է այլ տանկերի ոչնչացման համար: Տանկի վրա տեղադրված են նաև երկու 7,62 մմ գնդացիրներ: Centauro-ի անձնակազմը 4 մարդ է:

Իտալական տանկի արտադրությունը սկսվել է 1991-ին, նույն տարվանից այն սպառազինության մեջ է: Տանկն առկա է ինչպես Իտալիայի, այնպես էլ Իսպանիայի ԶՈւ սպառազինության մեջ: Բացի Ռուսաստանից, փորձարկումների նպատակով այս տանկերից որոշ քանակությամբ գնել են նաև ԱՄՆ-ն ու Օմանը:

One response to “Ռուսաստանը կբավարարվի Իտալիայից գնած մի քանի տանկերով

  1. Pingback: Ռուսաստանը փորձարկել ու վերադարձրել է իտալական անվավոր տանկերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *