Ադրբեջանը հայտնում է ՌԴ-ից Յակ-130 ինքնաթիռներ գնելու մասին

Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ առաջիկայում ՌԴ-ն Ադրբեջանին է փոխանցելու Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, և Ադրբեջանի զինուժի օդաչուներն 2013-ին ՌԴ-ում արդեն իսկ փորձնական թռիչքներ են իրականացրել դրանցով՝ ծանոթանալով ինքնաթիռների մարտավարատեխնիկական հնարավորություններին։

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալության թղթակիցը, տեղեկությունն իրենց փոխանցել են Յակ-130-ի արտադրող «Իրկուտ» ընկերությունից։ Ընկերության ներկայացուցիչներն այնուհանդերձ չեն նշել Ադրբեջանի համար նախատեսված Յակ-130-ների քանակն ու դրանց ստացման հստակ ժամկետները։

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը նախագծել է ռուսաստանյան «Իրկուտ» ընկերությունը: Ինքնաթիռի առաջին թռիչքը եղել է 1996 թվականին։ Յակ-130-նն ունակ է զարգացնել մինչև 1060 կմ/ժ արագություն։ Թռիչքի առաստաղը 12 500 մետր է, մեկ լիցքավորումով կարող է անցնել շուրջ 2 000 կմ։ Սպառազինությունում Յակ-130-նն ունի 23 մմ-անոց հրանոթներ, «օդ-օդ» դասի, չկառավարվող հրթիռներ, ինչպես նաև ռումբեր։ Առավելագույն մարտական բեռնվածությունը 3000 կգ է, անձնակազմը՝ 1-2 հոգի։

Յակ-130 ինքնաթիռները թույլ են տալիս օդաչուներին սովորել չորրորդ և 4++ սերնդի կործանիչներ վարել։ Թեև այն իր մարտական տվյալներով զիջում է կործանիչներին, սակայն զգալի էժան արժեքը և ուսումնական նշանակությամբ կիրառությունը ինքնաթիռի դրական կողմերից են։ Մեկ միավոր Յակ-130-ի արժեքը կազմում է 15 մլն ամերիկյան դոլար։

Յակ-130 ինքնաթիռները շահագործվում են ՌԴ-ում, Բելառուսում և Ալժիրում։

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես հետաքրքրված է Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներով։ Այս մասին թույլ է տալիս ենթադրել «Յակովլևի փորձարարակոնստրուկտորական բյուրոյի» 2012 թվականի հաշվետվությունը։

One response to “Ադրբեջանը հայտնում է ՌԴ-ից Յակ-130 ինքնաթիռներ գնելու մասին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *