Մեկ օրում՝ հաստատված 9 մարտական կորուստ: Եվս 2 զոհ, 4 վիրավոր առաջնագծում: Ադրբեջանը գնում է Յակ-130 ինքնաթիռներ և ուղևորատար կատերներ: Իրանի օգտին լրտեսության կատարած 2 քաղաքացու համար՝ ցմահ ազատազրկում:
-Առաջնագծում ստեղծված իրավիճակին ծանոթանալու նպատակով օգոստոսի 3-ին սահմանամերձ Բարդայի շրջան է ժամանել պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը։ Նա զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ այցելել է առաջապահ զորամասեր։
”Ադրբեջանի կենտրոնական Քյուրդամիրի շրջանում նույն շրջանի բնակիչ Ռզաև Բաբա Հուսեյնաղա օղլուն ԳԱԶ-2410 ավտոմեքենայի կառավարումը կորցրել է, հարվածել արձակուրդ մեկնած զինծառայող, 1996-ին ծնված Աթաև Ռաշադաղա Յաշար օղլուին։ Զինծառայողը մահացել է:
”Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Մուսթաֆաև Թուրալ Նաթիգ օղլուն հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը, ադրբեջանական կողմի հավաստմամբ «հայկական կողմի արձակած գնդակից» ստացել է հրազենային վիրավորում ու տեղափոխվել հոսպիտալ։
”Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Ահմեդով Գարյաղդը Էլդար օղլուն, ադրբեջանական կողմի վկայությամբ, սպանվել է Ակնայի (Աղդամի) ուղղությամբ առաջնագծի հատվածում «հայկական գնդակից»։
-Ռազմինֆոյի՝ բաց աղբյուրների տեղեկությունների վրա հիմնված մշտադիտարկման համաձայն՝ 2014-ի հուլիսին Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում հայտարարվել է 6 զոհի և 15 վիրավորի մասին։
-Հուլիսի 31-ին և օգոստոսի 1-ին ադրբեջանական բանակը մեծաթիվ կորուստներ է ունեցել առաջնագծում՝ «հայկական հարձակումից», որոնց մի մասի անունները հրապարակել է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ տվյալներ ներկայացնելով նաև վիրավորների թվի մասին։ Աղբյուրը, որն ավելի վաղ նշել էր սպանված 8 ադրբեջանցի զինծառայողի մասին, հավելել է, որ սպանվածների թիվն 9 է (վիրավորներից մեկը մահացել է հոսպիտալում), իսկ վիրավորների թիվը՝ 4-5։ Սա հրադադարի կնքումից հետո եզակի դեպքերից է, երբ ադրբեջանական կողմը խոստովանում է մեկ օրում 9 մարտական կորստի մասին:
”Ադրբեջանական Bizimyol կայքի աղբյուրներով՝ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը «հայկական կողմի հարձակման պատճառով» ադրբեջանական զինուժն Աղդամում ունի 2 զոհ, 4 վիրավոր, և «մարտեր են ընթանում Աղդամի ու Ղազախի ուղղության առաջնագծի հատվածում»:
”Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ առաջիկայում ՌԴ-ն Ադրբեջանին է փոխանցելու Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, և Ադրբեջանի զինուժի օդաչուներն 2013-ին ՌԴ-ում արդեն իսկ փորձնական թռիչքներ են իրականացրել դրանցով՝ ծանոթանալով ինքնաթիռների մարտավարատեխնիկական հնարավորություններին։
”Ռուսաստանյան նավագնացության ծովային ռեգիստրը «Բաքվի նավաշինական գործարան» ԲԲԸ-ից պատվիրել է 38М նախագծի 3 միավոր արագընթաց ուղևորատար կատերներ Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացության ձեռնարկության համար։ Կատերները կիրառվելու են հիմնականում Կասպից ծովում Ադրբեջանին պատկանող հորատման լողացող կայանների վրա բեռներ տեղափոխելու համար։
-Օգոստոսի 1-ին Բաքվի՝ ծանր հանցագործությունների գծով դատարանը Ադրբեջանի քաղաքացիներ Հաֆիզ Վելիևին և Աղամիր Աղամիրովին դատապարտել է ցմահ ազատազրկման՝ նրանց մեղավոր ճանաչելով 274 հոդվածով, այն է՝ պետական դավաճանություն:
”Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը հուլիսի 26-ին ներկա են եղել Ադրբեջանի ԶՈւ ԳՇ նոր շենքի հիմքի դրման հանդիսավոր արարողությանը։
”Հունիսի 23-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մասնակցել է 9 հարկանի երկու բազմաբնակարան շենքի բացման արարողությանը ու հանձնել է բնակարանները զինծառայողներին։ Ադրբեջանական Musavat.com կայքը հաղորդում է, որ վերջերս իրենք խմբագրության էլեկտրական փոստին նամակ է եկել այդ շենքերից մեկում բնակարան ստացած սպաներից մեկից։ Նա նշել է, որ հանդիսավոր արարողության ժամանակ նախարարի ներկայությամբ ամեն ինչ արվել է ցուցադրական ու իրականում բնակարանների մեծ մասում բացակայում են անգամ բնակության տարրական պայմանները։
Ռազմաշաբաթը նաև՝