Հնդկաստանում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կան զոհեր

Հուլիսի 25-ին Հնդկաստանի հյուսիսային Ուտտար-Պրադեշ շրջանում վթարվել է զինված ուժերի «Դհրուվ» (անգլ՝ Dhruv) թեթև բազմանպատակային ուղղաթիռը։ Ուղղաթիռով թռչող 7 հոգուց ոչ ոք չի կարողացել փրկվել։, տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Դհրուվ ուղղաթիռի կործանման վայրը

Դհրուվ ուղղաթիռի կործանման վայրը

Ուղղաթիռն ընկել է բնակավայրի տարածքում, սակայն ցամաքում շինություններ չեն վնասվել և մարդիկ չեն տուժել։

Վթարի պատճառները պարզելու համար հնդկաստանյան զինուժը քննություն է իրականացնում։ Վթարի հնարավոր պատճառների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

«Դհրուվ» բազմանպատակային ուղղաթիռը, որը կիրառվում է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական նշանակությամբ, մշակել ու արտադրում է հնդկաստանյան Hindustan Aeronautics Limited (HAL) ընկերությունը՝ համագործակցելով արտասահմանյան ձեռնարկությունների հետ։

Երկշարժիչ ուղղաթիռի շահագործումը Հնդկաստանի ռազմաօդային ուժերում մեկնարկել է 2000-ականների սկզբներին։ «Ջեյնսի» տվյալներով՝ պատվիրված 82 ուղղաթիռներից 40-ից ավելին արդեն շահագործվում է զինված ուժերում։ Այն շահագործվում է նաև այլ պետությունների կողմից, այդ թվում՝ Իսրայելում, Էկվադորում, Թուրքիայում, Նեպալում։

Նախկինում ևս «Դհրուվը» խնդիրներ ու վթարներ է ունեցել, ինչի հետևանքով ուղղաթիռների թռիչքները ժամանակավոր դադարեցվել են։ Այս տարի «Դհրուվ» ուղղաթիռի վայր ընկնելու ևս մեկ դեպք արդեն գրանցվել է. Էկվադորում  ուղղաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *