ԱՄՆ-ն մեղադրել է ՌԴ-ին միջին հեռահարության հրթիռների փորձարկման համար

ԱՄՆ-ն հերթական անգամ մեղադրանքներ է հղել ՌԴ-ին «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը խախտելու և միջին հեռահարության թևավոր հրթիռներ փորձարկելու համար։

միջին հեռահարության ՌԴ հրթիռ

միջին հեռահարության ՌԴ հրթիռ

Ինչպես հաղորդում է ամերիկյան  The New York Times պարբերականը, նման բովանդակությամբ նամակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։ Բացի այդ, պայմանագրի կետերը պահպանելու կոչերով ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովին է դիմել ԱՄՆ-ի իր պաշտոնակից Ջոն Քերին։

Նկատենք, որ դեռևս 2014-ի հունվարին ԱՄՆ-ն կրկին հանդես էր եկել հայտարարությամբ՝ մեղադրելով ՌԴ-ին «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրին չհետևելու համար՝ հավելելով, թե «ԱՄՆ-ն տարիներ շարունակ աչք է փակում Ռուսաստանում արգելված հրթիռների փորձարկման վրա, քանի որ չի ցանկանում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ»։

Հիշեցնենք, որ 2013-ի հուլիսին Ռուսաստանում հերթական անգամ սկսել էին քննարկել «Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագրից դուրս գալու հարցը։ Քննարկումների առիթն այս անգամ տվել էր ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ում խոսքերով այդ պայմանագիրը սպառել էր իրեն։ Սա առաջին դեպքը չէր, երբ ռուսաստանյան կողմը նման հայտարարություններով էր հանդես գալիս։ 2007-ին պայմանագրից դուրս գալու հնարավորության մասին հայտարարել էր նաև Ռուսաստանի ԶՈւ ԳՇ պետ Յուրի Բալուևսկին, իսկ Վլադմիր Պուտինն այդ թեմայով առաջին անգամ հայտարարություն արել էր դեռ 2000 թվականին։

«Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին» պայմանագիրը ստորագրվել է 1987-ի դեկտեմբերի 8-ին Վաշինգտոնում ԽՍՀՄ-ի ու ԱՄՆ-ի միջև, Միխայիլ Գորբաչովի և Ռոնալդ Ռեյգանի կողմից։ Պայմանագիրն ուժի մեջ է մտել 1988-ի հունիսի 1-ից։ Համաձայն դրա ՝ պայմանագրի կողմերը պարտավորվում էին չարտադրել ու չփորձարկել միջին (1000-5500 կմ) և փոքր (500-1000 կմ) հեռահարության ցամաքային տեղակայման բալիստիկ ու թևավոր հրթիռներ, բացի այդ, 3 տարվա ընթացքում պետք է ոչնչացվեին այդ դասի արդեն գոյություն ունեցող բոլոր հրթիռները և դրանց արձակման կայանները։

1991-ի հունիսին պայմանագրի կետերը կատարվել էին և Խորհրդային Միությունը ոչնչացրել էր 1846, իսկ Միացյալ Նահանգները՝ 846 հրթիռային համակարգ։

Կարևոր է նաև նշել, որ եթե անգամ Ռուսաստանն իրականում հրաժարվի պայմանագրից, միևնույն է, հսկայական ֆինանսական, արդյունաբերական և ռազմական ներուժ ու ժամանակ է հարկավոր միջին ու փոքր հեռահարության հրթիռների արտադրությունը վերսկսելու համար: Այդպիսի հրթիռների արտադրման խորհրդային գործարանների ճնշող մեծամասնությունը մնացել է ժամանակակից Ուկրաինայի ու Ղազախստանի տարածքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *