Անփորձանք ծառայություն, պարոնայք սպաներ. ՀՀ ԶՈւ-ն համալրեցին ռազմական բուհերի շրջանավարտները (ֆոտո, վիդեո)

Հուլիսի 26-ին Ծիծեռնակաբերդի բարձունք տանող ճանապարհներն առավոտից մարդաշատ ու զինվորական էին: Յուրաքանչյուր քայլափոխի երիտասարդ լեյտենանտներ են: Այսօր ՀՀ ռազմական բուհերի շրջանավարտներն իրենց հարազատների առջև ստացան վկայականներն ու անվանական դաշույնները:

Կապավոր կին լեյտենանտները Աջից` Էմմա Խաչատրյանը

Կապավոր կին լեյտենանտները
Աջից` Էմմա Խաչատրյանը

Օրը պարտավորեցնող էր, քանի որ հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, Կառավարության անդամներ, բարձրաստիճան պաշտոնյաներ և Հայաստանում օտարերկրյա ռազմական կցորդներ:

Շրջում ենք հավաքված լեյտենանտների շրջանում ու փորձում գտնել Ռազմինֆոյի հեղինակային շարքի հերոսներին, ովքեր 2014 թվականի հունվարին դեռևս 22 տարեկան` մեր զինված ուժերի տարեկից կուրսանտներ էին:

Ընտանիքի հետ կանգնած է Էմման` այսուհետ լեյտենանտ Խաչատրյանը: Մեկն այն 3 աղջիկներից, ովքեր դարձան ռազմական բուհն ավարտած առաջին կին սպաները: Էմման սովորել է ՀՀ ՊՆ՝ Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Մասնագիտությամբ կապավոր է:

Մասնագիտությամբ կապավոր, կուրսանտ Էմմա Խաչատրյանը  2014 թվական. հունվարի 29

Մասնագիտությամբ կապավոր, կուրսանտ Էմմա Խաչատրյանը
2014 թվական. հունվարի 29

Շտկում է հագուկապը, նորից ուղղում գլխարկը, որ ամեն ինչ լինի անթերի: Իսկ հետո լարվածությունը քողարկելով պատասխանում է մեր հարցերին:

«Վիճակահանության օրը շատ լարված էինք: Աղջիկներին էլ ընտրության հնարավորություն տվեցին ու ես բնակավայրիս մոտ զորամաս ընտրեցի ծառայությունը շարունակելու համար: Օգոստոսից արդեն կսկսեմ ծառայությունս, թեև մի քիչ լարված եմ, բայց գիտեմ, որ այնտեղ մեզ կօգնեն ու ամեն ինչ կհաղթահարենք»,- սկսում է լեյտենանտ Խաչատրյանը:

Ուսադիրների վրայի աստղերը միայն պարտավորեցրել են: Ինչպես ինքն է նշում, նույնիսկ այդ համազգեստով փողոցում իրենց տեսնողները մոտեցել ու շնորհավորել են:

«Դասակի հրամանատարներ ենք նշանակվել, ու հույս ունեմ շարքային զինծառայողների հետ ամեն ինչ հարթ կանցնի»,- եզրափակում է լեյտենանտ Էմմա Խաչատրյանը:

Լեյտենանտ Նարեկ Գրիգորյանը

Լեյտենանտ Նարեկ Գրիգորյանը

Մինչև տոնական միջոցառման սկիզբը հասցնում ենք զրուցել նաև ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի նախկին կուրսանտ, արդեն լեյտենանտ Նարեկ Գրիգորյանի հետ:

Սպային վայել կեցվածքով նշում է, որ նոր ուսադիրներից հետո ոչինչ չի փոխվել, միայն պատասխանատվությունն է մեծացել: Լեյտենանտ Գրիգորյանը ծառայելու է պաշտպանության բանակում:

Հրետանավոր Նարեկ Գրիգորյանը

Հրետանավոր Նարեկ Գրիգորյանը
2014թվական. հունվարի 27

«Հպարտության զգացողություն ունեմ, որ հայ եմ ծնվել, Հայաստանում եմ ապրել ու հիմա էլ գնում եմ Հայաստանը պահելու»,- առանց երկար-բարակ հանդիսավոր խոսքերի` զինվորականի լակոնիկությամբ նշում է Նարեկ Գրիգորյանը:

Մեկը մյուսին ձայն են տալիս, շարվելու հերթն է, միջոցառումը սկսվում է: Ձգվում են ու Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհի մի մեծ հատված երիզում են նորաթուխ լեյտենանտները:

Հրաժեշտ մարտական դրոշին, այնուհետև հանդիսավոր քայլերթ: Որից հետո լեյտենանտներն իրենց վկայականներն ու դաշույնները ստանում են հանրապետության նախագահից, պաշտպանության նախարարից, նրա տեղակալից, զինված ուժերի գլխավոր շտաբի պետից և բարձրաստիճան այլ ներկաներից:

«Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող, մեր դեմ լայնածավալ գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք` զգույշ եղեք. սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը: Ես շնորհակալ եմ ձեզնից, որ ընտրելով սպայի մասնագիտությունը, գիտակցաբար ու անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետևորդներն ու դրանք գործով իրականացնողները: Սակայն ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե՛ր, անել ամեն ինչ՝ հերոսանալու համար ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք Հայրենիքին շատ եք պետք»,- լեյտենանտներին այսպիսի պատգամ տվեց ու շնորհավորեց ՀՀ Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը լեյտենանտների վկայականների հանձնման արարողության ժամանակ

Սերժ Սարգսյանը լեյտենանտների վկայականների հանձնման արարողության ժամանակ

«Դուք պիտի պահեք ու զարգացնեք արդեն 2 տասնամյակների ընթացքում ստեղծված լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները, որոնցով առանձնանում է հայկական բանակը, որոնցով հպարտանում է ողջ հայ ժողովուրդը: Եվ այդ ամենի հիմքում պիտի լինի փոքր ուժերով մեծ խնդիրներ կատարելու մարտավարությունը, ասիմետրիկ պատերազմ մղելու մեր ունակությունը, քանի որ դա է 20 տարի առաջ կնքված հաղթական զինադադարը պաշտպանելու և Արցախյան ազատամարտի տարիներին մեր սերնդի նվաճած բնագծերն ամրացնելու ճանապարհը»,- շնորհավորելով լեյտենանտներին նշեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը լեյտենանտների հետ

ՀՀ նախագահն ու պաշտպանության նախարարը լեյտենանտների հետ

Միջոցառման հանդիսավոր մասից հետո լեյտենանտները Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ ծաղիկներ են դնում՝ ևս մեկ անգամ խոստանալով, որ անառիկ են պահելու պետական սահմանը:

Շարքերի մեջ հանդիպում ենք նաև լեյտենանտ Ավագ Նահապետյանին: Նա ծառայությունը շարունակելու է պաշտպանության բանակում: Ու թեև մի քանի ամիս առաջ մեր հարցազրույցի հերոսներից ամենաչհարմարվածն էր թվում՝ այսօր մեր առջև կանգնած էր նոր լեյտենանտ:

Ձախից` լեյտենանտ Ավագ Նահապետյանը

Ձախից` լեյտենանտ Ավագ Նահապետյանը

«Այս ամիսների ընթացքում շատ եմ փոխվել, սպայի կարգավիճակում ամեն ինչ նոր է: Մտածելակերպս փոխվել է, հիմա անձնակազմ ունեմ ձեռքի տակ, մտածում եմ թե՛ տրված առաջադրանքների, թե՛ իրենց անփորձանք ու անվտանգ ծառայության մասին»,- նշում է լեյտենանտ Նահապետյանը:

Օրը հնարավոր չէր ավարտել առանց օդային սահմանի մեր պաշտպանների: Օդաչու Սարգիս Թադևոսյանը նպատակն է` Հայաստանի օդային սահմանն այսուհետ ավելի պաշտպանված է լինելու:

Լեյտենանտ Սարգիս Թադևոսյանը

Լեյտենանտ Սարգիս Թադևոսյանը

Զինված ուժերը համալրվեց իր տարիքի կամ մի քիչ մեծ ու փոքր երիտասարդներով, որոնք իրենց ապագան ու բոլոր երազանքները հենց հզոր բանակ ունենալու ու անառիկ սահմանի հետ են կապում…

Անփորձանք ծառայություն, պարոնայք սպաներ…

One response to “Անփորձանք ծառայություն, պարոնայք սպաներ. ՀՀ ԶՈւ-ն համալրեցին ռազմական բուհերի շրջանավարտները (ֆոտո, վիդեո)

Մեկնաբանել HayrenaserՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *