Իդեալին ձգտող մարդիկ համախմբված են բանակում. կրտսեր սերժանտ Գրիգորյան

Շախմատը մարտավարություն է, պիտի հակառակորդից մի քանի քայլ  առաջ մտածես։ Կուրսանտ Գրիգորյանի հետ զրուցեցինք շախմատ խաղալով՝ շախմատի տախտակը մարտի դաշտ պատկերացնելով։

Հրետանավոր Նարեկ Գրիգորյանը

Հրետանավոր Նարեկ Գրիգորյանը

Նարեկ Գրիգորյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսում։ Հունվարի 30-ին կլրանա 22 ամյակը։ Քանի որ Նարեկ Գրիգորյանն արդեն ունի մասնագիտություն, ռազմական ինստիտուտում սովորելու է մեկ տարի, որից հետո ծառայությունը շարունակելու է առաջնագծում։

Նարեկը շախմատը նմանեցնում է մարտավարությանը, համարելով, որ առաջին քայլը կախված է քայլ կատարողի հետագա հաշվարկներից։

Ինչպես և սահմանում այնպես էլ շախմատում առաջին գիծը պահում են զինվորները։ Ըստ Նարեկի՝ հայրենիքի համար կյանքից հրաժարվելը մեծ պատիվ է։

«Բանակը կազմավորվեց ծանր ժամանակներում, հիմք հանդիսացավ անկախության պահպանման համար։ Ցանկացած հայ պետք է հպարտանա, որ հայ է և իր նախնիների թափած արյունով ազատագրված հողը երբեք ուրիշին չտա»։

Կրտսեր սերժանտ Գրիգորյանն առաջին մասնագիտությամբ ՆԶՊ-ի և ֆիզիկական դաստիարակության ուսուցիչ է։ Թե ինչու չի շարունակել աշխատանքը դպրոցում, այլ շարունակել է երկրորդ բուհում սովորելը, կուրսանտն այս կապակցությամբ իր պատմությունն ունի։

«Եթե հետ հայացք գցենք, ապա միշտ կա´մ մեզ վրա են հարձակվել, կա´մ եղել ենք կռվախնձոր։ Վեհ գաղափարների վրա հիմնված պետականությունը իդեալ է, իսկ իդեալին ձգտող մարդիկ համախմբված են բանակում։ Միայն բանակում կարող ես տեսնել այնպիսի մարդկանց համախմբվածություն, որոնք ունեն մի նպատակ։ Բանակը ցանկացած պետության ամենակարևոր մասն է, քանի որ դա է պահպանում ժողովրդին»,- հավաստիացնում է Նարեկը։

Կրտսեր սերժանտը ընտանիքի միակ զավակն է։ Ժպտում ու անկեղծանում է, թե ինչպես ընդունեցին ծնողները նրա որոշումը։

«Զարմանում եմ, թե ինչպես ծնողներս այդքան հեշտ ընդունեցին որոշումս։ Հետաքրքիր է նաև այն, որ ոչ միայն որոշումս հանգիստ ընդունեցին, այլ նաև աջակցեցին ու  սատարեցին։ Ես մտնում էի մի դպրոց, որն ամենադժվարն է բոլոր բուհերից։  Ցանկացած բուհ ունի որոշակի պլան, իսկ կյանքում պլաններ քիչ կան, քանի որ շատ բան անկանխատեսելիորեն է զարգանում»,- բացատրում է Նարեկը։

Զինվորականի կյանքի համար կրտսեր սերժանտն ունի իր պատկերացումները, ինչպես ինքն է նշում, իրեն պետք չեն փառք ու նվերներ։

«Ցանկացած զինվորականի համար ամենակարևոր նվերն այն է, որ ասեն՝ իր ամբողջ կյանքում ազնվիրաբար ծառայեց իր երկրին։

Մեր նոր կազմավորված բանակն ունի մարտական ճանապարհ։ Եթե պետք եղավ՝ գիտակցելով գնում ենք մահվանն ընդառաջ, ոչ թե վառոդի հոտից փախչում»։

Կրտսեր սերժանտ Նարեկ Գրիգորյան

Կրտսեր սերժանտ Նարեկ Գրիգորյան

Շախմատում ևս մեկ քայլ է անում՝ այս անգամ զինվորով ու ասում.

«Առաջին գծում մենք կանգնեցնում ենք մեր զինվորներին, մենք գործ ունենք մարտական փամփուշտների հետ, մարդկային կյանքերի հետ։ Պետք է կարողանանք սերմանել մեր ենթակաների մեջ, որ հենց իրենցից է կախված իր ծնողի, քրոջ, սիրած աղջկա խաղաղությունը»։

Մեր շարքի զրուցակիցներին միշտ հարցնում ենք, թե արդյոք իրենց պատկերացրած ծառայությունն ու իրական ծառայությունը համընկան։

Ըստ Նարեկի՝ շատ բաներ առավել էին իր պատկերացումներից, բաներ էլ կային, որ չէին համընկնում։

«Մասնագիտությամբ հրետանավոր եմ, սիրում եմ Դ-30, Դ-20 հաուբիցները, ականանետերը։ Բայց կոնկրետ չեմ կարող առանձնացնել, թե որն եմ ամենաշատը սիրում»,- ժպտալով պատասխանում է կրտսեր սերժանտը։

Իր ընտրած ուղու, մարդկային վախերի մասին կրտսեր սերժանտը պատմում է.

«Սպան անձնականը չպետք է խառնի ծառայողականին։ Պետք է հասկանանք, որ  անձնականը պետք է թողնենք մի քայլ հետ։ Գիտակցաբար ենք ընտրել այս ուղին ու պետք է լինենք սառնասիրտ։ Վախը ցանկացած բնագավառի համար էլ չբացահայտված զգացողություն է, չնայած ես չեմ բացահայտի իմ վախի պատճառները»,- նշում է Նարեկ Գրիգորյանը։

22-ամյա Նարեկն իր տարիքի զինված ուժերի մասին հպարտորեն հավելում է.

«Բանակը տվել է ինձ ինքս ինձ բացահայտելու, ճանաչելու հնարավորություն, իսկ առանց ինքնաճանաչողության չես կարող հասնել ինչ-որ նպատակի։ Ես խառնվածքով այնպիսին եմ, որ սիրում են ինձ ենթարկել ֆիզիկական և հոգեբանական դժվարությունների և հաղթահարել դրանք։ Կուզենամ ծառայել առաջնագծում, ցանկալի է Արցախում»։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:

One response to “Իդեալին ձգտող մարդիկ համախմբված են բանակում. կրտսեր սերժանտ Գրիգորյան

  1. Pingback: Անփորձանք ծառայություն, պարոնայք սպաներ. ՀՀ ԶՈւ-ն համալրեցին ռազմական բուհերի շրջանավարտները (ֆոտո, վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *