ՌԴ ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 կործանիչը 2014-ի հուլիսի 27-ին վթարի է ենթարկվել Աստրախանի շրջանի Պրիվալժսկի օդանավակայանից 30 կմ հարավ ընկած հատվածում։ Օդաչուն զոհվել է, քանի որ չի օգտագործել ինքնանետման համակարգը՝ մինչև վերջին պահը փորձելով փրկել ինքնաթիռը։ Միջադեպի հետևանքով այլ տուժածներ չկան։ Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
ՌԴ ռազմաօդային ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարյովը հայտնել է, որ վթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, ավիացիոն տեխնիկայի աշխատանքի խափանումն է, սակայն վերջնական եզրակացությունն, իհարկե, կտա հետաքննությունն անցկացնող մարմինը։
Վթարի վայր են ժամանել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ 4 մեքենա։ Այն բանից հետո, երբ հաջողվել է մարել հրդեհը, հետաքննիչներն անցել են վթարի տեղանքի զննությանը։ Իր հերթին, ՌԴ զինվորական դատախազությունը դեպքի առթիվ սկսել է անցկացնել քննություն, քրեական գործ դեռևս հարուցված չէ։
4-րդ սերնդի ՄիԳ-29 բազմաֆունկցիոնալ կործանիչը շահագործման են հանձնել 1983-ին։ Այն կարող է զարգացնել մինչև 2 500 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 18 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 30 մմ-անոց ավիացիոն հրանոթ և տարբեր նշանակության` այդ թվում «օդ-օդ», «օդ-մակերևույթ» դասերի, հականավային, ռադիոճառագայթման նշանառության և այլն տեսակի հրթիռներ։ Կործանիչը կարող է օգտագործվել նաև ռմբակոծության համար։
Pingback: Ռուսաստանյան ՄիԳ-29 կործանիչի վթարի առնչությամբ քրեական գործ է հարուցվել | Ռազմ.info