Թե ես պատերազմ գնացող մարդիկ եմ տեսել, բանակը հողի վրա արյուն է տեսել. կուրսանտ Նահապետյան

Ավագ Նահապետյանը պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետո որոշել է սպա դառնալ, ինչպես ինքն է նշում` այս մասնագիտության ընտրության միակ պատճառը ռազմական գործը շատ սիրելն է:

Կուրսանտ Ավագ Նահապետյան

Կուրսանտ Ավագ Նահապետյան

Կուրսանտ Ավագ Նահապետյանը սովորում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի 4-րդ կուրսում:

Դուք պարտադիր զինվորական ծառայությունից հետո որոշեցիք շարունակել բանակային կյանքով ապրել: Ի՞նչը ստիպեց Ձեզ:

Փոքր ժամանակ, որ համազգեստը տեսնում ես, միշտ էլ զինվոր դառնալու ձգտում լինում է։ Այն մթնոլորտը, որտեղ ես եմ մեծացել (տնեցիներից չորսն՝ ազատամարտիկ են ” Հեղ) այլ կերպ չէր էլ կարող լինել։ Հնարավորություն ունեցել եմ չգնալ ծառայության, բայց որոշել եմ պարտքս կատարել։

Ծառայության բարդությունը ո՞րն է։

Կարելի է ասել` դժվարություններ չեն եղել։

Ի՞նչ է տալու բանակը Ձեզ կամ արդեն ի՞նչ է հասցրել տալ։

Ավելի հասուն մտածելակերպ, կյանքին սթափ նայելու հնարավորություն: Հիմք ընդունելով  իմ օրացույցային 6 տարվա ծառայությունը՝  իմ տարեկիցներից ավելի հասուն եմ մտածում:

Իսկ Դուք ի՞նչ եք պարտավորվում տալ բանակին։

Ասում են՝ եթե մի բան վերցնում ես, պիտի կրկնակին տաս։ Կարճ ու կոնկրետ՝ կյանքս։

Բայց ասում են, որ լավ զինվորը նա չէ, որ գնում է մեռնելու համար, այլ նա, ով գնում է կռվելու և հաղթելու։

Մի բան լավ հիշեք՝ իմացյալ մահն անմահություն է։

Դուք և բանակը 22 տարեկան եք, Ձեր տարեկից այդ կառույցը մեր սահմաններն է պահպանում։ Պարտավորեցնո՞ղ չէ Ձեզ համար:

Եթե իմ տարեկիցն է, ապա այն կյանքը, որ ես եմ տեսել, դրանից առավել ինքն է տեսել։ Թե ես տեսել եմ պատերազմ գնացող մարդիկ, ինքը տեսել է հողի վրա արյուն, այն մարդկանց մարմինները, որոնք հետ չեն եկել։

Որպես ապագա զինվորական ի՞նչ կուզենայիք փոխել բանակում։

Բազմաթիվ բաներ կան, որ կարելի է փոխել։ Մենք մի փոքրիկ մասնիկն ենք այս ամենի ու չենք կարող շատ բան անել:

Բայց այդ փոքրիկ մասնիկներն են չէ՞ պահում այդ համակարգը, եթե չլինեն, շատ բան կփշրվի։

Միշտ էլ կգտնվի մեկը, ով կպահի այդ համակարգը։ Ասում են՝ միշտ կյանքում պետք է ինչ-որ մեկից կախված լինես։

Կարծիք կա, որ մեր տարածաշրջանում պատերազմն անխուսափելի է։ Ի՞նչ եք կարծում, այդպե՞ս է:

Եթե պատերազմ վերսկսվեց, ապա 50/50 է հավանականությունը, որ մենք կհաղթենք։ Արցախյան պատերազմի ժամանակ մեր ջոկատները կռվում էին կանոնավոր բանակի դեմ:

Ապագայում Ձեզ ինչպե՞ս եք տեսնում։

Նպատակս այն է, որ կարողանամ ծառայել այնպիսի միջավայրում, որ դժվար լինի, եթե սկզբում դժվար է, ապա հետո հեշտ է լինում։ Շատ ժամանակ սպաներ կան, որ ընտանիք էլ չեն ունենում։ Շատ աղջիկներ ասում են, որ եթե սպան դիրքապահ է, ապա նրանից պետք է հեռու մնալ։

Դուք Ձեր ապագան տեսնում եք ընտանիքով, թե՞ առանց ընտանիքի։

Ապագան ցույց կտա։ Եթե ժամանակ լինի… ընտանիք կազմելու:

Առաջինն ի՞նչ խորհուրդ կտաք մեր մյուս զինծառայողներին:

Ամենաշատը շուտ հարմարվեն տվյալ մթնոլորտին, դա իր համար ամենակարևոր ձեռքբերումը կլինի:

Ի՞նչ եք կարծում, կկարողանա՞ք լավ սպա դառնալ, ունե՞ք սպային հատուկ հատկանիշներ:

Ձեզ թվում է` մենք սպա ենք դառնում, երբ ուսերին երկու աստղ է ավելանում, սխալվում եք: Այդպես չէ։ Սպան պետք է կարողանա զորքին տիրապետել։ Իսկ մինչև ինքդ այդ գործի մեջ չլինես, չես կարող հաստատ ոչիչ ասել։

Հարցազրույցը` Հասմիկ Մելիքսեթյանի

Լուսանկարը` Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:

One response to “Թե ես պատերազմ գնացող մարդիկ եմ տեսել, բանակը հողի վրա արյուն է տեսել. կուրսանտ Նահապետյան

  1. Pingback: Անփորձանք ծառայություն, պարոնայք սպաներ. ՀՀ ԶՈւ-ն համալրեցին ռազմական բուհերի շրջանավարտները (ֆոտո, վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *