Ես ազատամարտիկ չեմ, բայց եղել եմ մեր զինվորի կողքին. Արցախյան պատերազմի մասին պատմում է երաժիշտ Արա Գևորգյանը

Ուրեմն սկսում եմ սկզբից: Ես ստեղծագործում էի, ամեն օր գալիս ու մասնակցում էի Ազատության հրապարակում անցկացվող բոլոր միտինգներին: Շատ ազդվեցի ու զայրացա մի հայտարարությունից երբ ասացին, որ Արցախում, մեր ծննդատներից երեխաներին ադրբեջանցիները դուրս են նետում, հետո կին էին այրել ու գրել «армянский шашлик», նկարն էլ ցուցադրվեց: Դա ինձ վրա շատ ազդեց:

Երաժիշտ, ստեղծագործող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը:

Երաժիշտ, ստեղծագործող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը

Զրույցն այսպես է սկսում երաժիշտ, ստեղծագործող, Հայաստանի վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը:

«Շատ լավ ընկերներ ունեի, որոնք կռվում էին Արցախում: Երբ ասում էի ինձ էլ տարեք, չէին տանում, պատճառաբանելով, որ երաժիշտ եմ: Այդ տղաները հաճախ էին գիշերում մեր տանը` նույնիսկ մի մասը զենքը որպես բարձ էին օգտագործում: Դա Աղավնաձորի ջոկատն էր, Բերդաձորի Անդոյի` Անդրանիկ Հարությունյանի հրամանատարությամբ, ով էլ 4 տարի պաշտպանել էր Բերդաձորը »,- պատմությունը սկսում է Արա Գևորգյանը:

Մի օր էլ չդիմացա, իմ հարազատ եղբայրը Ղարաբաղում էր, դեղորայք ու այլ բաներ էր տանում: Եղբորս զինվորական հագուստը վերցրի, շատ ճմրթված էր, տարա մորաքրոջս մոտ, խնդրեցի, որ արդուկի: Մայրս մահացել էր արդեն: Դա 1992 թվականի հունիսն էր: Տարա մորաքույրս զարմացած ասաց` քոռանամ ես, ուր ես գնում: Ասացի. «Մորքուր ջան, գնում եմ Գառնիում ֆիլմում նկարահանվելու»: Հետո արդեն ես զինվորական հագուստով իմ ընկերներին դիմավորեցի մեր տանն ու ասացի, որ այլևս ինձ չեն կարող չտանել: Ինձ միշտ ասում էին. «Դու մնա, մուզիկա գրիր»: Բայց ի՞նչ երաժշտություն գրելու ժամանակ էր: Ասացի, որ եթե ձեզնից մեկը հանկարծ զոհվեց, ես ինչ խղճով պիտի ապրեմ: Ինչպե՞ս իմ ընկերներն իմ տնից գնան կռիվ, իսկ ես մնամ տանը: Մի խոսքով համոզեցի»,- շարունակում է երաժիշտը:

«Ընկերներս ինձ տվեցին Կարաբին տեսակի զենք ու մենք գնացինք: Իրենք գնացին զինվորական մեքենայով, ես իմ սեփական Lada 09 մակնիշի մեքենայով, որով էլ 2003 թվականին դարձա միջազգային ավտոմրցաշարի հաղթող` իհարկե սիրողական կարգում: Իմ մեքենան շատ լավ սպորտային տեսք ուներ: Ճանապարհին եկող մի մեքենա չհասած դեռ Լաչին լույսերով թարթում էր, կանգնեցի: Եղբայրս մեքենաս նկատել էր, կանգնեցրեց, հարցրեց` շորերս հագել ուր ես գնում: Մի խոսքով, եղբայրս գալիս էր, ես գնում էի:

Արա Գևորգյանն Արցախում ադրբեջանական տանկի մոտ

Արա Գևորգյանն Արցախում ադրբեջանական զրահատեխնիկայի մոտ

Եկանք Լաչին այն ժամանակ, երբ դեռ այն նոր էինք ազատագրել ու ճանապարհները դեռ ականապատ էին: Հրամանատար Անդրանիկ Հարությունյանը եկավ, ասաց. «Ար ջան, քեզ շատ ենք սիրում, բայց մենք հիմա մտնում ենք մարտական գոտի, և դու հիմա զինվոր ես, ես` հրամանատար»: Այդ ճանապարհը որ անցնում էի այնքան հպարտ էի ու այնքան լավ էի զգում, որ իմ ընկերների կողքին էի: Ամուսնացած չէի, մայրիկս մահացել էր, ապրում էի մենակ ու կորցնելու ոչինչ չունեի»,- պատմում է երաժիշտը:

Հետաքրքրվում ենք մարտական գործողություններին մասնակցության ու զգացողությունների մասին:

«Իմ զինակից ընկերները շատ սուտասան էին: Ինձ ասում էին, թե առավոտ գնում ենք մարտի, հիմա պառկել է պետք հանգստանալ: Պառկում էի, առավոտյան արթնանում տեսնում, որ բոլորը գնացել են ու ինձ մենակ թողել: Արթնանում էի, ինձ պատեպատ տալիս, գալիս էին, տեսնում էի, որ բոլորը ողջ են, հանգստանում էի: Ուր գնում էինք, մարտական գործողությունների պահին իրենք ինձ թողնում էին թիկունքում»:

Արա Գևորգյանն Արցախում 1992թվական

Արա Գևորգյանն Արցախում. 1992թվական

Ոչ այնքան հայտնի Արա Գևորգյանի և Վազգեն Սարգսյանի հանդիպումը

«Մի անգամ էլ Ստեփանակերտում ծանոթացրին Վազգեն Սարգսյանին: Այն ժամանակ անունս հայտնի չէր, այլ «Ռալլի» խմբի երաժիշտն էի: Վազգեն Սարգսյանի հետ որ ծանոթացա, ասաց. «Չեմ հասկանում живой мишень ( կենդանի թիրախ) եք բերել, վաղը հետ կուղարկեք երաժիշտին»: Մյուս օրն ինձ հետ ուղարկեցին, վերադարձա, ու երբ հաջորդ գործողության ժամանակ ջոկատը նորից պիտի գնար մարտի, այս անգամ ուղղաթիռով, ես նորից նույն համառությամբ գնացի ու ուղղաթիռ մտա: Օդաչուն Արմեն անունով մի հրաշալի տղա էր, հետո դարձավ Ազգային ժողովի պատգամավոր: Հասել էինք Շուշիի կողմերը, երբ ուղղաթիռը քարի պես սկսեց վայր ընկնում: Բռնվել ու գոռում էինք` Արմե՜ն, ի՞նչ եղավ: Մոտ 18 հոգի էինք, նաև հրամանատար Անդրանիկի փոքր տղան: Ես նրան նախատում էի, թե ինչու է տղային հետը բերում: Ասում էր` թող գա հետևս կանգնի, որ իմանամ` ում համար եմ կռվում: Բարեբախտաբար, ուղղաթիռին երբ խփում էին, վրիպեցին, և մենք ստիպված վայրեջք կատարեցինք Շեխեր գյուղի դաշտում։ Ուղղաթիռի պոչը խրվել էր ցեխի մեջ: Օդաչու Արմենն ասաց` դուրս փախեք, հնարավոր է գնդակոծեն ուղղաթիռը: Դուրս եկանք ծառերի տակ դիրքավորվեցինք: Մեկ էլ տանկերի ձայն եկավ, ու հանկարծ տեսանք, որ տանկի վրա եռագույն է երևում: Այդպես ուրախացանք, միացանք մերոնց»:

Արա Գևորգյանն Արցախում. 1992 թվական

Արա Գևորգյանն Արցախում. 1992 թվական

Արա Գևորգյանի արցախյան պատմության ավարտի ու զինվորի կողքին լինելու մասին

«Իմ մասնակցությունը Արցախյան պատերազմին մի երկու ամսվա պատմություն էր, այն էլ գնալ-գալով: Հետո վատ լուր ունեցանք, որ ականի վրա պայթել էր մեր ջոկատի Արմեն Երիցյանը, ով  Կիմ Երիցյանի (անվանի դերասան-Ռազմինֆո) քրոջ որդին էր, հետո նաև զոհվել էին Արտակն ու Բերդաձորի Անդոն: Ես ինձ ազատամարտիկ չեմ կոչել ու չեմ կոչի, բայց ես եղել եմ մեր զինվորի կողքին: Ինձ մոտ միայն հպարտություն է եղել, որևէ հուզմունք, լարում չի եղել: Աստված չանի կռիվը սկսվի, ես էլի կգնամ: Որ ասում են, թող երաժիշտն իր գործով զբաղվի, նկարիչն` իր, ես համաձայն չեմ: Չէ՛, երբ մեզ վրա թշնամու մեծ ալիք է գալիս, պիտի մեր բանակի հետ միասին դիմակայենք:

Երբ իմ ընկերները զոհվեցին, ես մեր տանն իրենց նկարները դրել էի մորս նկարի կողքը: Մի օր գիշերվա ժամին երկար նայեցի այդ նկարներին ու ծնվեց մի ստեղծագործություն, որն էլ նվիրեցի իմ մահացած ընկերներին: Երաժշտությունն անվանեցի «Օվկիանոսից այն կողմ», խոսքը մեր գլխավերևի օվկիանոսի մասին է: Իմ առաջին ձայնասկավառակն էլ կոչվեց «Օվկիանոսից այն կողմ»:

Պատերազմի ազդեցությունն ու «Արցախի» պատմությունը

Իմ ամենամեծ անդրադարձը ստեղծագործության տեսքով Արցախյան պատերազմին հենց «Արցախ» երաժշտությունն է: Այն մի ամբողջական պատմություն է, որ կարող եմ ծայրից ծայր պատմել:

Սկսվում է տագնապային, հետո գալիս է սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմով դանդաղ հատվածը, որ վատ լուրն է: Տագնապն ու վատ լուրը եկավ, որ մեզ վրա հարձակվել են: Դհոլներով մենք ոտքի կանգնեցինք: Հետո արդեն մարտական գործողություններն են, որից հետո գալիս է դուդուկի հատվածը, որ մենք ունենք զոհեր, Եռաբլուր, իսկ վերջում արդեն հաղթական ավարտը: Սա մեր չավարտված ազատամարտի առաջին փուլի պատմությունն է:

Այս ամենը շատ մեծ ազդեցություն է ունեցել ինձ վրա: Իմ ստեղծագործությունները կոչվում են մեր քաղաքների, մեր տարածքների անունով: Իմ երաժշտությունների մեջ որը տխուր է, ուրեմն այդ տարածքը գտնվում է այժմյան Թուրքիայի տարածքում, իսկ որն ուրախ է, ապա մեր այստեղի քաղաքների մասին է: Այսպիսով կարելի է այդպես որոշել, թե ինչպիսին է իմ երաժշտությունը»:

Արա Գևորգյանը՝ մեջտեղում

Արա Գևորգյանը՝ մեջտեղում

Իրական մարտի դաշտից` մշակութային դաշտ. Արա Գևորգյանի «պատերազմն» ադրբեջանցիների հետ նաև իր ստեղծագործությունների շուրջ են

«Արցախ» երաժշտությունը մտավ իմ «ԱՆԻ» ձայնասկավառակի մեջ, որը լույս տեսավ 1999 թվականին: Ես իմ բոլոր ստեղծագործությունների հեղինակային իրավունքները պահում եմ ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում: Մի շարք արտասահմանյան հեղինակային իրավունքները պաշտպանող ընկերությունների անդամ եմ ու իմ երաժշտությունները պահպանված են հնարավոր բոլոր ձևերով: 2002 թվականին Սոլթ Լեյք Սիթիի և 2006-ին Թուրինի Օլիմպիական խաղերի ժամանակ հնչեց իմ «Արցախ» երաժշտությունը ու հայտարարվեց՝ հեղինակ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյան:

2007-ին ռուսաստանյան 1-ին ալիքի «Ледниковый период» հաղորդման ժամանակ որոշում են հայկական պար բեմադրել երկու մասով` դանդաղ մաս և արագ մաս: Ռուսները վերցնում են դուդուկով երաժշտություն պարի դանդաղ մասի համար, որին միացնում են իմ «Արցախը»՝ պարի արագ մասի համար: Նրանք չեն իմացել, որ դուդուկով դանդաղ հատվածը ադրբեջանական հայտնի երգից էր, որը կոչվում էր «Sene de galmaz»: Հիմա պատկերացրեք, որ այս պարի հետ հայտարարում են, որ հայկական պար է ու բոլոր ադրբեջանցիները խառնվում են իրար: Ադրբեջանցիները զանգահարում են ՌԴ-ում իրենց դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուին, նա էլ զանգահարում է այդ հեռուստաընկերությանն ու ասում, թե ինչու են վերցրել ադրբեջանական երգն ու որպես հայկական ներկայացրել: Չգիտեմ` ինչու են այդքան հիմար պատասխան տալիս, բայց ասել են, որ վերցրել են Արա Գևորգյանի ձայնասկավառակից, անունն էլ Արցախ է: Այս Բյուլբյուլօղլուն էլ մյուս օրը մամուլի ասուլիս է հրավիրում և հայտարարում, որ Արա Գևորգյանը գողացել է ադրբեջանական երգը և անվանել Արցախ՝ առանց  1 անգամ հաղորդումը դիտելու, կամ  իմ Արցախը լսելու:

Մեր լրագրողներն էլ հեռուստաեթերում հայտարարեցին, որ Ադրբեջանի դեսպանը Արա Գևորգյանին դատի է տվել: Անակնկալի եկա երբ այս լուրն իմացա: Մի խոսքով ապացուցեցի, որ ես այդ երգի հետ կապ չունեմ: Հետո ինձ զանգում է կլարնետահար Արսեն Գրիգորյանն ու ասում, որ դա «Sene de galmaz» (հայերեն՝ Մի´ հպարտացիր) երգն է ու Արցախի հետ որևէ նմանություն չունի: Թյուրիմացությունը պարզելուց հետո պատասխան նամակ պատրաստեցի, այս բոլոր փաստերը դրեցի մեջն ու տարա մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի մոտ: Այդ նամակը փոխանցվել էր Ադրբեջանի դեսպանին և 15 օր հետո ինձ զանգահարեց մշակույթի նախարարն ու հրավիրեց իր մոտ:

Գնացի, նախարարի մոտ նստած էին Էդուարդ Թոփչյանը, Արամ Ղարաբեկյանը, Ռոբերտ Մլքեյանը, Կարեն Դուրգարյանը, Հովհաննես Չեքիջյան, Տիգրան Հեքեքյանը ու բոլորի ներկայությամբ նախարարն ասաց, որ Փոլադ Բյուլբյուլօղլուն ներողություն է խնդրել քեզնից: Ես էլ նայում եմ ձեռքերին ու ասում` «բա բարաթն ուր է» (ժպտում է): Այնպիսի պահ է եղել, որ թուղթ վերցնելու հնարավորություն չի եղել: Հասմիկ Պողոսյանին հարցրի, թե կարող եմ դա հրապարակել, որ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը ներողություն է խնդրել ՌԴ-ում մեր դեսպանի և մեր մշակույթի նախարարի միջոցով: Ասաց` այո, ու ես բոլոր հնարավոր միջոցներով այս փաստը բարձրաձայնում եմ:

Անցել է 7 տարի, դեռ որևէ մեկն ինձ չի հակադարձել, ուրեմն դա իրականություն է: Շնորհակալություն մեր դեսպան Արմեն Սմբատյանին ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին: Սակայն կարծում եմ, որ այս ներողության մասին Ադրբեջանում տեղյակ չեն ու մինչ օրս օգտագործում են իմ Արցախ ստեղծագործությունը տարբեր միջոցառումների ժամանակ, հիմնվելով Բյուլբյուլօղլուի՝ ինձ դատի տալու հայտարարության վրա: Ոչինչ, մի օր Բյուլբյուլօղլուի ներողությունը տեղ կհասնի ու կդադարեն իրենցը համարել:

Ինչպես երաժիշտն է ասում` առաջիկայում կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ որոշել են փաստերով լեցուն նամակ ուղարկել Ադրբեջան, որպեսզի նրանք էլ տեղեկացվեն իրականության մասին:

«Պատերազմի մեջ եմ չէ՞ փաստորեն»,- ժպտալով եզրափակում է Արա Գևորգյանը:

Հարցազրույցը՝ Հասմիկ Մելիքսեթյանի 

Նկարները՝  «Ճանապարհը բաց է» վավերագրական ֆիլմից

One response to “Ես ազատամարտիկ չեմ, բայց եղել եմ մեր զինվորի կողքին. Արցախյան պատերազմի մասին պատմում է երաժիշտ Արա Գևորգյանը

  1. Pingback: Նվագախմբի տղաները կատարում են Արա Գևորգյանի «Արցախը» (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *