Հուլիսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է Հայաստանի հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերում ու մարտական հենակետերում:
Պաշտպանության նախարարին ի թիվս այլոց ուղեկցել են նաև ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտու պահպանությունն իրականացնող 3-րդ բանակային կորպուսի հրամանտար, գնդապետ Օնիկ Գասպարյանը։
Նախարար Օհանյանը տեղում ծանոթացել է հենակետերում դիրքապահների ծառայության պայմաններին, հետևել զորամասերում ընթացող կապիտալ շինարարական աշխատանքներին: Նա զրուցել է նաև զինծառայողների հետ, ու խրախուսել ծառայության ընթացքում նրանցից առավել աչքի ընկածներին։
Շրջայցի ընթացքում պաշտպանության նախարարը բանակային զորամիավորման հրամանատարության հետ քննարկել է սահմանագծի օպերատիվ իրավիճակը, ինչպես նաև հանդիպել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի բնակիչներին։ Նրանց հուզող խնդիրները Սեյրան Օհանյանը քննարկել է գյուղապետերի և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ։