Մինչ աշխարհն իր ուշադրությունը կենտրոնացրել է Ուկրաինայի վրա, Մերձավոր Արևելքում շարունակում է իր ազդեցության գոտին ընդլայնել «Իրաքի և Լևանտի (Ասորիքի) իսլամական պետություն» իսլամիստական (սուննի ուղղության) կազմակերպությունը, որը Սիրիայում հաջող գործողություններից հետո այժմ էլ ակտիվացել է Իրաքում՝ գրավելով այդ երկրի երկրորդ խոշոր քաղաքը՝ Մոսուլն ու առաջանալով մայրաքաղաք Բաղդադի ուղղությամբ։
Իրաքում զարգացումներին օպերատիվ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը.
15։40- Կազմակերպության անդամները հայտարարել են, թե գերեվարել են 2006 թվականի Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեինին մահվան դատապարտած դատավորին։ Ռաուֆ Ռաշիդ Աբդել Ռահմանի ներկա վիճակի մասին տեղեկություններ չկան։
12:50- Կազմակերպությունը Իրաքում գործողությունների հետևանքով առգրաված ամերիկյան տեխնիկան տեղափոխում է Սիրիայի տարածք։ Մասնավորապես, համացանցում տարածված լուսանկարներում երևում է, թե ինչպես է բեռնատարը տեղափոխում իրաքյան բանակի զրահամեքենաները։
11։20- Տել-Աֆեր քաղաքում իրաքյան զինուժի օդային հարվածի հետևանքով 70 իսլամիստ է սպանվել, նրանց պատկանող 40 ավտոմեքենա էլ դուրս է եկել շարքից։ Իրաքյան ուժերը հարվածել են այն պահին, երբ կազմակերպության անդամները հավաքվել էին ճաշելու։ Տել-Աֆերի բնակչության մեծ մասը թուրքմեններ են։ Քաղաքը նախօրեին անցել էր իսլամիստների վերահսկողության ներքո։
11։11- Կազմակերպության անդամներն առևանգել են Իրաքի Սելահադդին նահանգի Դոր շրջանում հիվանդանոցը կառուցող շինարարների։ Իսլամիստներն առևանգել են շուրջ 60 աշխատողի։ Նրանցից 15-ը Թուրքիայի քաղաքացիներ են, տեղեկացնում է թուրքական CNNTurk-ը։ Հիվանդանոցի շինարարությունը թուրքական ընկերություն է իրականացնում։