Ուզբեկստանը Չինաստանից գնել է հարվածային ԱԹՍ-ներ

Ուզբեկստանի ռազմաօդային ուժերը համալրվել են չինաստանյան արտադրության Pterodactyl հետախուզական-հարվածային անօդաչու թռչող սարքերով։ Ուշագրավ է, որ սա ԱԹՍ-ների ոլորտում համագործակցության առաջին գործարքն է Չինաստանի և Ուզբեկստանի միջև։ Այս մասին հայտնում է չինաստանյան Wantchinatimes լրատվակայքը։

Չինաստանյան Pterodactyl ԱԹՍ-ն

Չինաստանյան Pterodactyl ԱԹՍ-ն

Չինաստանյան Chengdu Aircraft Industry Group ընկերության գործարանում արտադրվող Pterodactyl հեռահար անօդաչու թռչող սարքը նախատեսված է միջին բարձրություններում գործելու համար։ Թե քանի միավոր է գնել Ուզբեկստանը՝ ստույգ հայտնի չէ։

Անօդաչուն իր բնույթով և մարտավարատեխնիկական տվյալներով բավական մոտ է ամերիկյան MQ-1 Predator ԱԹՍ-ին։ Չինաստանյան տարբերակն ունի 1100 կգ զանգված, 100 ձիաուժ հզորությամբ շարժիչ ու կարող է օդ բարձրացնել մինչև 200 կգ կշռող բեռ։ Pterodactyl ԱԹՍ-ն կարող է համալրվել սպառազինության մի քանի տեսակով, որոնց թվում են HJ-10 հակատանկային հրթիռներն ու 50 կգ-անոց կառավարվող ավիառումբերը։

Չինաստանը նշում է, որ այս ԱԹՍ-ն բավական կարճ ժամանակահատվածում արդեն իսկ կարողացել է գտնել իր պատվիրատուներին աշխարհի 4 երկրներում։ Հայտնի է, որ Ուզբեկստանից բացի, ԱԹՍ-ն գնել է նաև Սաուդյան Արաբիան։ Ըստ որոշ տեղեկությունների, դրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Ռուսաստանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *