Ռուսաստանի զինված ուժերը ստացել են հատուկ նշանակության «Տիգրներ»

ՌԴ զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ նշանակության ստորաբաժանումները ստացել են 10 միավոր հատուկ նշանակության «Տիգր-Մ ՍՊՆ» զրահամեքենաներ, ինչի մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Մինչ այդ՝ 2014-ի սկզբին հայտարարվել էր, որ ռուսաստանյան բանակը տարվա ընթացքում ստանալու է 24 միավոր «Տիգր» զրահամեքենաներ:

Հատուկ նշանակության «Տիգր-Մ ՍՊՆ» թեթև զրահապատ մեքենաների առաջին խմբաքանակը

Հատուկ նշանակության «Տիգր-Մ ՍՊՆ» թեթև զրահապատ մեքենաների առաջին խմբաքանակը

Հատուկ ստորաբաժանումների պահանջներին համապատասխան արդիականացում անցնելուց հետո «Տիգր» զրահամեքենաները, ըստ ՌԴ ՊՆ ներկայացուցիչների, մեծ պահանջարկ են վայելում զորքերում, ինչի շնորհիվ արդեն կարիք չկա գնել իտալական Iveco ընկերության՝ Ռուսաստանում արտոնագրով արտադրվող Iveco LMV M65 զրահամեքենաներ:

Իսկ 2014-ի ապրիլին հայտնի դարձավ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար նախատեսված «Տիգր-Մ ՍՊՆ» զրահամեքենան անցել է փորձարկումներն ու դրվել է սերիական արտադրության: Արդեն արտադրվել է մեքենայի 12 օրինակ, որոնց մի մասն էլ ուղարկվել է կենտրոնական ռազմական օկրուգի հատուկ ստորաբաժանումներին:

«Տիգր-Մ ՍՊՆ» թեթև զրահապատ մեքենան ռուսաստանյան ԳԱԶ-2975 «Տիգր» մեքենայի արդիականացումնրից մեկն է։ Մեքենան պատրաստել են Ռուսաստանի ԶՈւ հատուկ ստորաբաժանումների կարիքների համար։ Մեքենայի առաջին օրինակները պատրաստվել ու փորձարկումներ են անցել 2013-ին։

Նոր «Տիգրը» նախատեսված է զինված ուժերի հատուկ գործողությունների, մասնավորապես հետախուզական գործողությունների, շարասյուների ու ռազմական օբյեկտների պաշտպանության, հետևակի կրակային աջակցության համար։

4×4 ընթացամասով մեքենայի վրա տեղադրված է 205 ձիաուժանոց դիզելային շարժիչ, որը շուրջ 6,6 տոննա զանգվածով մեքենային թույլ է տալիս զարգացնել մինչև 125 կմ/ժ արագություն։ Անձնակազմը 6 հոգի է, բեռնատարողությունը՝ 1,2 տոննա, ընդ որում բեռների համար նախատեսված են հատուկ տեղեր։

Մեքենայի տանիքին կա լյուկ, որից մեքենայի դեսանտայինները կարող են կրակ վարել։ Հնարավոր է նաև հավելյալ սպառազինության տեղադրում, ինչպես «Տիգր» ընտանիքի մյուս զրահապատ մեքենաների դեպքում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *