Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 14

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։

Հունիսի 7-ին կայացավ Ուկրաինայի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա նշեց, որ երկրի կառավարման դաշնային ձևն անընդունելի է։ Միևնույն ժամանակ ուկրաինական ուժային կառույցները շարունակում են ապստամբ բնակավայրերի գրոհն ու հրետակոծումը, որի ընթացքում քիչ չեն զոհերը նաև խաղաղ բնակչության շրջանում։

Դոնեցկյան ապստամբների ամրակետերից մեկը

Դոնեցկյան ապստամբների ամրակետերից մեկը

22։30-Ռուսաստանի արտգործնախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ եթե Ուկրաինայի կողմից շարունակվեն ՌԴ պետական սահմանի խախտման դեպքերը, ապա ՌԴ-ն իրեն իրավունք կվերապահի ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները դրանք կանխելու նպատակով։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին ուկրաինական հետևակի մարտական մեքենան հատել էր Ռուսաստանի հետ սահմանը Ռոստովի շրջանում։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այս կապակցությամբ արտաքին գերատեսչությանը հանձնարարել էր կոշտ դիվանագիտական դեմարշ անցկացնել Ուկրաինայի դեմ։

21։40-ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մերի Հարֆը հանդես է եկել հայտարությամբ, որում նշել՝ ամերիկյան կողմն ունի տեղեկություն, որ Ռուսաստանն Ուկրաինայի ապստամբներին է ուղարկել տանկեր և հրթիռային համակարգեր։ Նա հստակեցրել է, որ խոսքը գնում է 3 միավոր Տ-64 տանկի և մի քանի միավոր Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանի մասին։

19։00-Կիևյան իշխանությունների կողմնակիցներից կազմված «Դոնբաս» գումարտակի հրամանատար Սեմյոն Սեմյոնչենկոն լրատվամիջոցներին հայտնել է, որ հակաահաբեկչական գործողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով գումարտակը համալրվել է 6 միավոր հետախուզական ԱԹՍ-ով։ Թե ստույգ ինչ մոդելի ԱԹՍ-ներ են դրանք, հայտնի չէ։ Հավելենք, որ Սեմյոնչենկոն նշել է՝ ԱԹՍ-ների առկա քանակը շատ քիչ է գումարտակի պահանջները լիովին բավարարելու համար։

17։10-Մարիուպոլ քաղաքում դարանի մեջ է ընկել Ուկրաինայի սահմանապահ ծառայության ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել 7 զինծառայող։ Տեղեկությունը սահմանապահ ծառայությունից հաստատել են։ Հիշեցնենք որ հունիսի 14-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայի ազգային գվարդիայի Ազով գումարտակը գրոհել է Մարիուպոլ քաղաքն ու «մաքրում» է այն ապստամբներից։

16:45Հունիսի 15-ն Ուկրաինայում հայտարարվել է սգո օր՝ ի հիշատակ 49 զինծառայողների, ովքեր զոհվել են Իլ-76 բեռնատար ինքնաթիռի խոցման հետևանքով։

16։00-Համացանցում աստիճանաբար հայտնվում են կադրեր՝ հունիսի 14-ի վաղ առավոտյան ուկրաինական խոցված Իլ-76 բեռնատար ինքնաթիռի պայթյունի վայրից։

14։00-Համացանցում հայտվելէ Լուգանսկի օդանավակայանի մերձակայքում տեղադրված տեսախցիկներից մեկով արված տեսագրությունը, որում արձանագրված է վաղ առավոտյան ապստամբների կողմից խոցված ուկրաինական Իլ-76 բեռնատար ինքնաթիռի պայթյունի պահը։

13:58-Գորլովկայի ապստամբները հայտնում են, որ խոցել են գիշերվա ընթացքում Գորլովկայում հրթիռներ արձակած Սու-25 գրոհիչներից մեկը: Ինքնաթիռի անկման վայրը հայտնաբերվել է, իսկ օդաչուին ապստամբները տարել են հարցաքննության:

13:53-Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ Մարիուպոլում սահմանապահների մեքենայի վրա ինքնաձիգներից ու նռնականետից կրակելու պատճառով ծառայությունն ունի 3 զոհ (մինչ այդ նշվում էր 2 զոհի մասին) ու 4 վիրավոր:

13:35-Գորլովկայի ներքին գործերի վարչության շենքի հրթիռակոծման հետևանքով եղել է 2 զոհ (մինչ այդ հայտնի էր միայն մեկի մասին) ու 7 վիրավոր (մինչ այդ նշվում էր 6 վիրավորների մասին): Այս մասին հայտնել է Դոնեցկի մարզային վարչակազմի մամուլի ծառայությունը:

13:28-Մարիուպոլում առավոտյան ժամը 10-ի սահմաններում ապստամբները դարանակալել են Ուկրաինայի սահմանապահներին տեղափոխող մեքենան ու նռնականետով կրակել են նրա վրա: Ապստամբների հաղորդմամբ՝ սահմանապահներն ունեն 2 զոհ ու մի քանի վիրավոր:

13:18-Գորլովկայի ապստամբները հայտնում են, որ գիշերը՝ ժամը 04:30-ի սահմաններում Ուկրաինայի ԶՈւ 2 ինքնաթիռներ հրթիռներ են արձակել Գորլովկայի ներքին գործերի վարչության շենքի ուղղությամբ, շենքում հրդեհ է բռնկվել: Նախնական տվյալներով ապստամբներն ունեն 1 զոհ ու 6 վիրավոր:

12։30-Լուգանսկի ապստամբները մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը ոչնչացրել են ուկրաինական ուժայինների Իլ-76 ինքնաթիռ, որում եղել է 49 մարդ։ Ապստամբները հրթիռ են արձակել վայրէջք կատարող ինքնաթիռի վրա, որն ընկել է օդանավակայանի տարածքում։ Ինքնաթիռում եղել է 49 զինծառայող, նրանք բոլորը զոհվել են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *