Հատուկ նշանակության «Տիգր-Մ ՍՊՆ» թեթև զրահապատ մեքենան սերիական արտադրության է դրվել Ռուսաստանում։ Արդեն պատրաստվել է այս մեքենաների առաջին 12-միավորանոց խմբաքանակը, որն ամենայն հավանականությամբ տրամադրվելու է ՌԴ զինված ուժերի կենտրոնական ռազմական օկրուգին։
«Տիգր-Մ ՍՊՆ» թեթև զրահապատ մեքենան ռուսաստանյան ԳԱԶ-2975 «Տիգր» մեքենայի արդիականացումնրից մեկն է։ Մեքենան պատրաստել են Ռուսաստանի ԶՈւ հատուկ ստորաբաժանումների կարիքների համար։ Մեքենայի առաջին օրինակները պատրաստվել ու փորձարկումներ են անցել 2013-ին։
Նոր «Տիգրը» նախատեսված է զինված ուժերի հատուկ գործողությունների, մասնավորապես հետախուզական գործողությունների, շարասյուների ու ռազմական օբյեկտների պաշտպանության, հետևակի կրակային աջակցության համար։
4×4 ընթացամասով մեքենայի վրա տեղադրված է 205 ձիաուժանոց դիզելային շարժիչ, որը շուրջ 6,6 տոննա զանգվածով մեքենային թույլ է տալիս զարգացնել մինչև 125 կմ/ժ արագություն։ Անձնակազմը 6 հոգի է, բեռնատարողությունը՝ 1,2 տոննա, ընդ որում բեռների համար նախատեսված են հատուկ տեղեր։
Մեքենայի տանիքին կա լյուկ, որից մեքենայի դեսանտայինները կարող են կրակ վարել։ Հնարավոր է նաև հավելյալ սպառազինության տեղադրում, ինչպես «Տիգր» ընտանիքի մյուս զրահապատ մեքենաների դեպքում։
Pingback: Ռուսաստանի զինված ուժերը ստացել են հատուկ նշանակության «Տիգրներ» | Ռազմ.info