Իսրայելը կարող է առաջին անգամ «Մերկավա» տանկեր արտահանել

Իսրայելական «Մերկավա» տանկերն առաջին անգամ կարող են վաճառվել արտասահմանյան որևէ պետության, այն էլ մեծ խմբաքանակով: Թեև գնորդի մասին հստակ տեղեկություններ չկան, սակայն Israel Defense կայքը նշում է, որ տանկերի հավանական գնորդ կարող է դառնալ Կոլումբիան:

Պատճառն այն է, որ դեռևս 2012-ին Իսրայելը Կոլումբիային առաջարկել էր գնել 40 միավոր «Մերկավա-4» տանկեր: Կոլումբիան տանկերն օգտագործելու էր հարևան Վենեսուելայի տանկային ստորաբաժանումների հետ հավասարակշռությունը պահելու համար, սակայն Իսրայելի առաջարկին հետագայում ընթացք չէր տրվել:

Իսրայելական Մերկավա-4 (Merkava Mk. 4) հիմնական մարտական տանկը

Իսրայելական Մերկավա-4 (Merkava Mk. 4) հիմնական մարտական տանկը

Վաճառվելիք տանկերի գնի մասին տեղեկություններ չկան, բայց դրանց մեկ միավորի գինը գնահատում է մոտ 6 մլն ամերիկյան դոլար:

Նշենք, որ մինչև 2010 թվական Իսրայելը հրաժարվում էր վաճառել սեփական արտադրության «Մերկավա» տանկերը որևէ այլ երկրի. դրանք առկա էին միայն Իսրայելի պաշտպանության բանակի սպառազինության մեջ: Միաժամանակ տանկերի վրա օգտագործված որոշ տեխնոլոգիաներ Իսրայելը վաճառում էր՝ դրանց միջոցով այլ երկրների տանկեր արդիականացնելով:

2010-ին տանկը գաղտնազերծվեց ու ներկայացվեց Eurosatory-2010 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Այս քայլով իսրայելցիները փորձում էին գործընկեր գտնել տանկի արտադրության ու արդիականացման համար, ինչպես նաև հնարավոր պատվիրատուներ գտնել՝ արտադրության ծավալները մեծացնելու համար:

70 տոննա զանգված ունեցող «Մերկավա-4» տանկը իսրայելական «Մերկավա» տանկերի 4-րդ սերունդն է: Այն սպառազինության է վերցվել 2004-ին: Տանկը զինված է 120 մմ հարթափող թնդանոթով, որից հնարավոր է արձակել նաև LAHAT հակատանկային կառավարվող հրթիռներ: Տանկի վրա տեղադրված են նաև 2 միավոր 7,62 մմ գնդացիրներ, ինչպես նաև 60 մմ ականանետներ:

Տանկն ունի մոդուլային զրահ, ինչը նշանակում է, որ զրահաշերտերի վնասման դեպքում դրանք հեշտությամբ կարելի է փոխարինել նոր շերտերով: Տանկի վրա տեղադրված է նաև ակտիվ պաշտպանության համակարգ, որը որսում է տանկի ուղղությամբ թռչող արկերն ու հրթիռները և ոչնչացնում դրանք սեփական հրթիռներով:

«Մերկավա-4» հիմնական մարտական տանկի վրա տեղադրված է 1500 ձիուժանոց շարժիչ, որի օգնությամբ տանկը շարժվում է մինչև 60 կմ/ժ արագությամբ:

2010 թվականի դրությամբ Իսրայելի պաշտպանության բանակի սպառազինության մեջ առկա ավելի քան 1500 տանկերից 175-ը հենց «Մերկավա-4» մակնիշի էին, մյուսները՝ «Մերկավայի» ավելի վաղ սերունդներն էին:

One response to “Իսրայելը կարող է առաջին անգամ «Մերկավա» տանկեր արտահանել

  1. Pingback: Իսրայելը կարող է առաջին անգամ «Մերկավա» տանկեր վաճառել այլ պետության | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *