Իսրայելը կարող է առաջին անգամ «Մերկավա» տանկեր վաճառել այլ պետության

Սինգապուրը կարող է դառնալ առաջին արտասահմանյան երկիրը, որ «Մերկավա» (Merkava) տանկեր կստանա Իսրայելից՝ գնելով դրանցից շուրջ 50 միավոր: Տանկերից յուրաքանչյուրի համար Սինգապուրը վճարելու է 10 մլն ամերիկյան դոլար (ընդհանուր առմամբ՝ 500 մլն ամերիկյան դոլար՝ բոլոր տանկերի համար): Այս մասին հայտնում է Intelligence Online պարբերականը:

Մինչ այս՝ 2014-ի հունիսի սկզբներին, հայտարարվում էր, որ Իսրայելն առաջին անգամ, այն էլ՝ խոշոր խմբաքանակով, տանկեր էր արտահանելու արտասահմանյան պետության: Թեև գնորդի մասին հստակ տեղեկություններ չկային, սակայն նշվում էր, որ տանկերի հավանական գնորդ կարող է դառնալ Կոլումբիան:

Պատճառն այն է, որ դեռևս 2012-ին Իսրայելը Կոլումբիային առաջարկել էր գնել 40 միավոր «Մերկավա-4» տանկեր: Սակայն Իսրայելի առաջարկին հետագայում ընթացք չէր տրվել:

Իսրայելական Մերկավա-4 (Merkava Mk. 4) հիմնական մարտական տանկը

Իսրայելական Մերկավա-4 (Merkava Mk. 4) հիմնական մարտական տանկը

Նշենք, որ մինչև 2010 թվական Իսրայելը հրաժարվում էր վաճառել սեփական արտադրության «Մերկավա» տանկերը որևէ այլ երկրի. դրանք առկա էին միայն Իսրայելի պաշտպանության բանակի սպառազինության մեջ:

Պատճառն այն էր, որ Իսրայելը չէր ցանկանում բացահայտել սեփական տանկերի կառուցվածքն ու տեխնոլոգիաները: Մյուս կողմից տանկերի հնարավոր վաճառքին դեմ էր ԱՄՆ-ն, որը մասնակցում է տանկերի արտադրությանն ու մասամբ ֆինանսավորում այն: Միաժամանակ տանկերի վրա օգտագործված որոշ տեխնոլոգիաներ Իսրայելը վաճառում էր՝ դրանց միջոցով այլ երկրների տանկեր արդիականացնելով:

2010-ին տանկը գաղտնազերծվեց ու ներկայացվեց Eurosatory-2010 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ: Այս քայլով իսրայելցիները փորձում էին գործընկեր գտնել տանկի արտադրության ու արդիականացման համար, ինչպես նաև հնարավոր պատվիրատուներ գտնել՝ արտադրության ծավալները մեծացնելու համար:

70 տոննա զանգված ունեցող «Մերկավա-4» տանկը իսրայելական «Մերկավա» տանկերի 4-րդ սերունդն է: Այն սպառազինության է վերցվել 2004-ին: Տանկը զինված է 120 մմ հարթափող թնդանոթով, որից հնարավոր է արձակել նաև LAHAT հակատանկային կառավարվող հրթիռներ: Տանկի վրա տեղադրված են նաև 2 միավոր 7,62 մմ գնդացիրներ, ինչպես նաև 60 մմ ականանետներ:

Տանկն ունի մոդուլային զրահ, ինչը նշանակում է, որ զրահաշերտերի վնասման դեպքում դրանք հեշտությամբ կարելի է փոխարինել նոր շերտերով: Տանկի վրա տեղադրված է նաև ակտիվ պաշտպանության համակարգ, որը որսում է տանկի ուղղությամբ թռչող արկերն ու հրթիռները և ոչնչացնում դրանք սեփական հրթիռներով:

«Մերկավա-4» հիմնական մարտական տանկի վրա տեղադրված է 1500 ձիուժանոց շարժիչ, որի օգնությամբ տանկը շարժվում է մինչև 60 կմ/ժ արագությամբ:

2010 թվականի դրությամբ Իսրայելի պաշտպանության բանակի սպառազինության մեջ առկա ավելի քան 1500 տանկերից 175-ը հենց «Մերկավա-4» մակնիշի էին, մյուսները՝ «Մերկավայի» ավելի վաղ սերունդներն էին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *