Հունիսի 22-ին շուրջ 400 ռուսաստանցի զինծառայողներ կհասնեն Ֆրանսիա, որտեղ նախատեսված է նրանց ծանոթացումը Ռուսաստանի համար պատրաստված «Միստրալ» դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիր նավին: Այս մասին հայտնում է Defensenews.com կայքը, ավելացնելով, որ զինծառայողները Ֆրանսիայում պիտի լինեին դեռևս հունիսի 1-ին:
400 ռուսաստանցի զինծառայողների ուշացման պատճառը նրանց տեղափոխող ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի «Սմոլնի» ուսումնական նավի խափանումն էր: Նավը կարիք ուներ նորոգման, ինչի արդյունքում զինծառայողները ստիպված են ուշացումով հասնել Ֆրանսիա: Նախատեսված է, որ «Սմոլնին» նավարկության դուրս կգա հունիսի 18-ին ու զինծառայողներին Ֆրանսիա կհասցնի հունիսի 22-ին:
Ռուսաստանցի զինծառայողները կծանոթանան ռազմանավի առանձնահատկություններին, վարժանքներ կկատարեն դրանով, որից հետո զինծառայողների մի մասը կմնա Ֆրանսիայում ու 2014-ի հոկտեմբերին ռազմանավը կհասցնի Ռուսաստան:
Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին:
Նախատեսված է, որ երկու ռազմանավերը Ռուսաստանը տրամադրելու է ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմին: Ու թեև Ռուսաստանի ղեկավարությունը հաստատել է մտադրությունը, որ նավեն ուղարկելու է Խաղաղ օվկիանոս, սակայն խոսակցություններ կան նաև, որ նավերից մեկը կարող է տեղակայվել Սև ծովում, ինչը անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում:
Ռազմանավերի վաճառքի պայմանագրի շուրջ հունիսի սկզբին իրենց վերաբերմունքն էին արտահայտել նաև մի քանի երկրների ղեկավարներ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ եթե ֆրանսիական կողմը հետևի գործարքի պայմաններին, ապա հետագայում չի բացառվում նաև Ֆրանսիայի հետ մի շարք այլ պայմանագրերի կնքում, որոնք պարտադիր չէ, որ վերաբերեն ռազմական նավաշինության ոլորտին:
Նա նաև նշել է, որ ռուսաստանյան կողմը սահմանված ժամկետներում կատարել է բոլոր վճարումներն ու եթե Ֆրանսիան հրաժարվի մատակարարել ուղղաթիռակիրները, ուրեմն թող բարի լինի վերադարձնել գումարներն ու հաշվի առնի, որ դա բացասաբար կազդի մի շարք ոլորտներում ռուս-ֆրանսիական երկկողմ համագործակցության վրա:
Սև ծովի ավազանում վերջին ամիսներին տեղ գտած զարգացումների համատեքստում ուղղաթիռակիր նավերի վաճառքն առաջացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների անհանգստությունը, որոնք էլ հորդորում են Ֆրանսիային հետ կանգնել գործարքից:
Մասնավորապես ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Րոուդսը նշել է, որ բոլոր այն երկրները, որոնք համագործակցում են Ռուսաստանի հետ ռազմական ոլորտում, պետք է վերանայեն իրենց քաղաքականությունը՝ հաշվի առնելով տնտեսական պատժամիջոցները, որոնք սահմանվել են այդ երկրի նկատմամբ:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն էլ հայտարարել է, որ ներկայում չկա որևէ հանգամանք, որը կխոչընդոտի այդ գործարքի իրականացմանը: Նա հստակեցրել է, որ նման խոչընդոտ կարող է ի հայտ գալ, եթե Ռուսաստանի նկատմամբ կիրառվի տնտեսական պատժամիջոցների 3-րդ մակարդակը, իսկ ներկայումս սահմանված 2-րդ մակարդակը չի կարող հիմք ընդունվել ռուս-ֆրանսիական պայմանագրի կասեցման համար:
Նավերից առաջինը, որ ստացել է «Վլադիվոստոկ» անվանումը, դեռ փորձարկումների փուլում է։ Երկու նավերը ստանալուց հետո Ռուսաստանը կարող է ևս երկու ուղղաթիռակիր նավեր գնելու պայմանագիր առաջարկել Ֆրանսիային կամ նավերն արտադրել սեփական գործարաններում։
Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի քանի խնդիր կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։
Pingback: «Միստրալները» Ռուսաստան տանող անձնակազմը կրկին ուշանում է | Ռազմ.info