Ռուսաստանում ֆրանսիականի օրինակով նոր զրահապատ մեքենա են նախագծել

Մերձմոսկովյան Բրոննիցի զորավարժարանում անցկացված ցուցահանդեսի ժամանակ ռուսաստանցի նախագծողները ներկայացրել են զրահապատ գրոհային «Անսիր» մեքենայի նախատիպը, ինչի մասին հայտնում է ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի» բլոգը:

Ռուսաստանյան «Անսիր» թեթև զրահապատ մեքենան Բրոննիցի զորավարժարանում

Ռուսաստանյան «Անսիր» թեթև զրահապատ մեքենան Բրոննիցի զորավարժարանում

«Անսիր» (ռուս.՝ Ансырь) մեքենան, որ նախագծվել է ՌԴ ներքին գործերի նախարարության պատվերով, նախատեսված է ներքին զորքերի հատուկ գործողությունների ժամանակ ուժային օժանդակության, հետախուզության, մեքենաների շարասյուների ուղեկցման ու պարեկային ծառայության իրականացման համար:

Մեքենայի նախագծման համար պատվերի համար մրցույթը հայտարարվել է դեռևս 2011-ի մարտին:

Զրահամեքենան ունի 4 տոննա զանգված ու կարողանում է զարգացնել մինչև 125 կմ/ժ արագություն: Այն նաև լողացող է ու ըստ նախագծողների՝ կարող է հաղթահարել մինչև 30 սմ ալիքներ:

Արտաքին տեսքով, ինչպես նաև մարտավարատեխնիկական բնութագրերով նոր «Անսիրը» նման է ֆրանսիական Renault Trucks Defense ընկերության արտադրած VBL Mk 2 զրահամեքենաներին, որոնցից, ըստ ռուսաստանյան աղբյուրների, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը ցանկանում էր գնել ավելի քան 100 միավոր: Հետագայում տեղեկություն էր տարածվել, որ ռուսաստանյան մասնագետները Կովկասում փորձարկում են ֆրանսիական VBL, ինչպես նաև PVP թեթև զրահապատ մեքենաները:

Պատճառն այն էր, որ VBL-ն, ըստ պաշտոնյաների, ավելի հաջող է հաղթահարում արգելքներն ու խոչընդոտները, քան նույնատիպ ռուսաստանյան մեքենաները։ Ռուսական կողմի համար կարևոր էր նաև մեքենայի արդյունավետություն/գին հարաբերակցությունը։

Հետագայում՝ 2013-ին Նիժնի Տագիլում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ռուսաստանյան Աստեյս (АСТЕЙС) ընկերությունը ներկայացրեց VBL զրահամեքենայի ASTAIS-VBL տարբերակը, որը պատրաստել էր հենց ռուսաստանյան ընկերությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *