Ռուսաստանը ֆրանսիական զրահամեքենաներ է փորձարկում
Ֆրանսիական արտադրության երկուական PVP ու VBL զրահամեքենաները Ռուսաստանը փորձարկում է Կովկասում՝ Սոչիի մերձակայքի զորավարժարաններում։
Զրահամեքենաներով հետաքրքրվում են Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունն ու զինված ուժերը, ինչի մասին հայտնում է defensenews.comկայքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։ 4 զրահամեքենաները ֆրանսիական կողմը տրամադրել է մի քանի շաբաթ առաջ։
Աղբյուրի հավաստմամբ՝ Ռուսաստանին, որը ցանկանում էր զրահամեքենաներն արտադրել հենց ռուսական գործարաններում, մեքենաների արտադրության տեխնոլոգիան յուրացնելու համար անհրաժեշտ կլիներ մոտ 10 տարի։ Այդ պատճառով ռուսական կողմը ցանկացել է միանգամից գնել մեքենաները Ֆրանսիայից։ Ընդ որում՝ խոսքը 100-ավոր մեքենաների մասին է։
Նշենք, որ ռուսական կողմը զրահամեքենաներից մեկով՝ VBL (ֆր.՝ Véhicule Blindé Léger) մեքենայով հետաքրքրվում է դեռևս 2009-ից։ Այն ժամանակ մեքենաները ցանկանում էր գնել ներքին գործերի նախարարությունը, որովհետև VBL-ն, ըստ պաշտոնյաների, ավելի հաջող է հաղթահարում արգելքներն ու խոչընդոտները, քան նույնատիպ ռուսաստանյան մեքենաները։ Ռուսական կողմի համար կարևոր էր նաև մեքենայի արդյունավետություն/գին հարաբերակցությունը։
Հետագայում՝ 2013-ին Նիժնի Տագիլում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ռուսաստանյան Աստեյս (АСТЕЙС) ընկերությունը ներկայացրեց VBL զրահամեքենայի ASTAIS-VBL տարբերակը, որն, ըստ ՌԻԱ Նովոստի գործակալության, պատրաստել էր հենց ռուսաստանյան ընկերությունը։
Ֆրանսիական Panhar General Defence ընկերության VBL թեթև զրահապատ մեքենան նախատեսված է 2-3 հոգանոց անձնակազմի համար։ Նախագծվել է դեռևս 1980-ականներին։ Արդիականացման տարբերակից կախված՝ զրահամեքենայի զանգվածը կարող է լինել 3,5-4 տոննա։ Մեքենայի զրահն ապահովում է պաշտպանություն 7,62×39 փամփուշտներից, իսկ մեքենայի տանիքին կարելի է տեղադրել 12,7 մմ գնդացիր, 40 մմ նռնականետ, ինչպես նաև այլ սպառազինություն։
Ֆրանսիական ընկերության մյուս մեքենան՝ PVP-ն (ֆր.՝ Petit Véhicule Protégé) ավելի թարմ նախագիծ է, արտադրվել է 2008-2012 թվականներին։ Անձնակազմը 2 կամ 4 հոգի է, զանգվածը՝ մոտ 4,3 տոննա։ Զրահամեքենան ապահովում է պաշտպանություն 7,62×39 զրահահար-բռնկող փամփուշտներից, մեքենայի տանիքին տեղադրված է 12,7 մմ գնդացիր։
Pingback: Ռուսաստանում ֆրանսիականի օրինակով նոր զրահապատ մեքենա են նախագծել | Ռազմ.info