Վրաստանը մտադիր է կրճատել Աֆղանստանում իր խաղաղապահ զորախմբի թվաքանակը

Մինչև 2015 թվականը Վրաստանը կրճատելու է խաղաղապահ առաքելություն իրականացնող իր զորախմբի թվաքանակն Աֆղանստանում մինչև 250 զինծառայող: Այս մասին հունիսի 8-ին Վրաստանի լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան, փոխանցում է ռուսաստանյան «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:

Վրացի խաղաղապահներ

Վրացի խաղաղապահներ

Նշենք, որ այժմ Աֆղանստանում ISAF-ի շրջանակներում խաղաղապահ առաքելություն է իրականացնում Վրաստանից մեկնած շուրջ 1500 զինծառայող:

Ալասանիան հայտարարել է նաև, որ նման որոշում են կայացրել Վրաստանի կառավարությանն առընթեր Անվտանգության և ճգնաժամի հաղթահարման խորհրդի նիստում:

«Այն դեռևս պիտի երկրի նախագահի և ազգային ժողովի հավանությանն արժանանա, որից հետո աստիճանաբար դուրս կբերենք մեր զորախմբին Աֆղանստանից»,- ասել է Ալասանիան:

Ալասանիան նաև տեղեկացրել է, որ առաջիկա տարում Վրաստանը նոր առաքելություն կստանձնի Աֆղանստանում, որը ոչ թե խաղաղապահ կլինի, այլ աֆղանական անվտանգության ուժերին օժանդակում:

Հետաքրքիրն այն է, որ Վրաստանի կառավարությանն առընթեր Անվտանգության և ճգնաժամի հաղթահարման խորհրդի քարտուղար Մինդիա Ջանելիձեն հայտարարել է, թե վրացական զորախումբը կրճատվելու է` հասնելով 700 զինծառայողի:

Ըստ քարտուղարի` այս հարցում անհրաժեշտ է լինելու երկրի նախագահի և խորհրդարանի ներգրավվածությունը:

Հիշեցնենք, որ ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է 29 վրացի զինծառայող։ Այս փաստը վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Մասնավորապես, 2012-ի հոկտեմբերին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մարտական առաջադրանք կատարելիս չպարզված հանգամանքերում զոհվել էր մեկ զինծառայող։

Հատկանշական է նաև, որ Վրաստանի ՊՆ-ն 2012-ին դժվարանում էր Աֆղանստանում ծառայելու նպատակով վրացի պայմանագրային զինծառայողների հավաքագրում կատարել: Վրացական մամուլի համաձայն՝ միայն 2012-ի առաջին քառորդում ավելի քան 100 զինվորական հրաժարվել է ծառայել Աֆղանստանում: Զորացրվելու մտադրությունից նրանց հետ չի պահել անգամ պայմանագրին չհետևելու դեպքում 17 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարելու մասին օրենքը:

Վերջին աղկահարույց դեպքը գրանցվել էր 2013-ի հունիսի 6-ին։ Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա էր պայթեցրել. զոհվել էր 7 վրացի զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն այս միջադեպից հետո առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրացական ուժերն Աֆղանստանից։ Սակայն կառավարությունը որոշել էր շարունակել խաղաղապահ գործունեությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն էր հայտնել Վրաստանին։

One response to “Վրաստանը մտադիր է կրճատել Աֆղանստանում իր խաղաղապահ զորախմբի թվաքանակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Վրաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *