«Տերմինատոր-2» մարտական մեքենան ցուցադրել են Ղազախստանում

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերությունը Ղազախստանում անցկացվող KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացրել է «Տերմինատոր-2» տանկերի կրակային աջակցման մեքենան, հայտնում է Army Recognition կայքը։

Ռուսաստանյան կողմն այս քայլով հավանաբար փորձում է իր նոր տեսակի զրահատեխնիկան վաճառել Ղազախստանին, որը, ըստ էության, ԲՄՊՏ-72 («Տերմինատոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենաների միակ օպերատորն է։ Խնդիրն այն է, որ բանակի բարեփոխումների ընթացքում Ռուսաստանում այս մեքենաներից հրաժարվել են,քանի որ այն ուղղակի ավելորդություն են համարել։

ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենան Ղազախտանում KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

ԲՄՊՏ-72 («Տեմինտոր-2») տանկերի կրակային աջակցման մեքենան Ղազախտանում KADEX-2014 ցուցահանդեսի ժամանակ

Չնայած դրան՝ Ուրալվագոնզավոդում վստահ են, որ մեքենան, լինելով հնացած Տ-72 տանկերի արդյունավետ արդիականացում, կարող է ընդունվել սպառազինության, քանի որ դրանով հնարավոր կլինի օգտագործել հնացած տանկերի շասսիները ու ավելացնել դրանց կիրառման ժամկետները։

Այս պայմաններում ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդը» փորձում է մեքենան ներկայացնել Ղազախստանում ու պատրաստվում է ղազախստանյան «Կազախստան ինժինիրինգ» ընկերության հետ համատեղ ձեռնարկություն հիմնել Ղազախստանում, որը Ղազախսանի ԶՈւ հնացած Տ-72 տանկերի հիմքի վրա կպատրաստի «Տերմինատոր-2» մեքենաներ։

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ ռուսաստանյան կողմը տրամադրելու է «Տերմինատորների» համար նախատեսված մարտական հանգույցներն ու պահեստամասերը, իսկ ղազախստանյան կողմը կտրամադրի շասսիները: Մեքենաները կհավաքեն Ղազախստանում արդեն 2015-ից սկսած:

Հիշեցնենք, որ ԲՄՊՏ-72-ը զրահատեխնիկայի նոր տարատեսակ է, որը նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2013-ին ռուսաստանյան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։

Մեքենայի վրա տեղադրված են կրակի ուղղորդման ու կառավարման սարքավորումներ։ Այն սպառազինված է մի շարք զինատեսակներով, այդ թվում՝ 30 մմ 2Ա42 ավտոմատ թնդանոթով, նրան կցված 7,62 մմ ՊԿՏՄ գնդացրով ու կառավարվող հրթիռների արձակման կայաններով։ Մեքենայի անձնակազմը 3 մարդ է, նախկին տարբերակի 5-ի փոխարեն։

Նոր Տերմինատորի վրա կարող են տեղադրվել 840-ից մինչև 1000 ձիաուժանոց շարժիչներ, ռուսական կամ այլ երկրի արտադրության կապի միջոցներ՝ կախված պատվիրատուի պահանջներից։

Չնայած ներկայացվող կրակային հզորությանը, տանկերի աջակցման ԲՄՊՏ մարտական մեքենաներ մինչև հիմա մի քանի միավոր գնել է միայն Ղազախստանը (առնվազն 3 միավոր ԲՄՊՏ ներկայացվել է 2011-ի զորահանդեսի ժամանակ), ևս մի քանի միավոր առկա էր Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության մեջ, մինչև ՌԴ ԶՈւ բարեփոխումները։

One response to “«Տերմինատոր-2» մարտական մեքենան ցուցադրել են Ղազախստանում

  1. Pingback: «Ռոսօբորոնէքսպորտն» առաջարկել է Ադրբեջանին արդիականացնել վերջինիս Տ-72 տանկերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *