Ռուսաստանն ու Ղազախստանը կարող են միասին արտադրել «Տերմինատորներ»

Ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ու ղազախստանյան «Կազախստան ինժինիրինգ» ընկերությունները Ղազախստանում շուտով կարող են ստեղծել համատեղ ձեռնարկություն, որը կարտադրի ԲՄՊՏ-72 «Տերմինատոր-2» տանկերի կրակային աջակցման մեքենաներ:

Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությանը հայտնել է «Ուրալվագոնզավոդի» ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Ալեկսեյ Մասլովը:

Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Տերմինատոր-2 տանկերի աջակցման մարտական մեքենան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Պաշտոնյայի խոսքով՝ ձեռնարկության ստեղծման համար բոլոր փաստաթղթերն արդեն պատրաստ են: Ըստ պայմանավորվածության՝ ռուսաստանյան կողմը տրամադրելու է «Տերմինատորների» համար նախատեսված մարտական հանգույցներն ու պահեստամասերը, իսկ ղազախստանյան կողմը կտրամադրի շասսիները: Մեքենաները կհավաքեն Ղազախստանում արդեն 2015-ից սկսած:

Հիշեցնենք, որ երկու երկրները համատեղ ձեռնարկություն ստեղծելու պայմանավորվածություն ձեռք էին բերել դեռևս 2013-ի սեպտեմբերին Նիժնի Տագիլում անցկացված RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ:

ԲՄՊՏ-72-ը զրահատեխնիկայի նոր տարատեսակ է, որը նախատեսված է մարտերի ժամանակ հակառակորդի զրահատեխնիկայի ոչնչացման, յուրային զրահատեխնիկայի ու հետևակի աջակցման, տանկերի ու զրահատեխնիկայի համար վտանգ ներկայացնող օբյեկտների ոչնչացման համար։ Այն առաջին անգամ ներկայացվել է 2013-ին ռուսաստանյան RAE-2013 ռազմարդյունաբերական ցուցահանդեսում։

Մեքենայի վրա տեղադրված են կրակի ուղղորդման ու կառավարման սարքավորումներ։ Այն սպառազինված է մի շարք զինատեսակներով, այդ թվում՝ 30 մմ 2Ա42 ավտոմատ թնդանոթով, նրան կցված 7,62 մմ ՊԿՏՄ գնդացրով ու կառավարվող հրթիռների արձակման կայաններով։ Մեքենայի անձնակազմը 3 մարդ է, նախկին տարբերակի 5-ի փոխարեն։

Նոր Տերմինատորի վրա կարող են տեղադրվել 840-ից մինչև 1000 ձիաուժանոց շարժիչներ, ռուսական կամ այլ երկրի արտադրության կապի միջոցներ՝ կախված պատվիրատուի պահանջներից։

Մեքենան նախագծվել է Տ-72 խորհրդային տանկի հիմքի վրա։ Տերմինատոր-2-ի արտադրության համար օգտագործվելու են հին Տ-72-ների շասսիները, որոնք հանված են սպառազինությունից։ Սա կավելացնի Տ-72 տանկերի շասսիների «կյանքի տևողությունը» ու կիջեցնի Տերմինատոր-2 մեքենաների արտադրության ծախսը։

Չնայած ներկայացվող կրակային հզորությանը, տանկերի աջակցման ԲՄՊՏ մարտական մեքենաներ մինչև հիմա մի քանի միավոր գնել է միայն Ղազախստանը (առնվազն 3 միավոր ԲՄՊՏ ներկայացվել է 2011-ի զորահանդեսի ժամանակ), ևս մի քանի միավոր առկա է Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։

One response to “Ռուսաստանն ու Ղազախստանը կարող են միասին արտադրել «Տերմինատորներ»

  1. Pingback: «Տերմինատոր-2» մարտական մեքենան ցուցադրել են Ղազախստանում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *