Հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների բռնաճնշումները՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սրման պատճառ

Դեռևս ապրիլի վերջին «հայկական հատուկ ծառայությունների հետ կապերի» մեղադրանքով ձերբակալվել էր ադրբեջանական «Զերկալո» պարբերականի տեսաբան, լրագրող Ռաուֆ Միրկադիրովը, այնուհետև գործի շրջանակներում հարցաքննվել էին հայկական «Ռեգիոն» հասարակական կազմակերպության (ՀԿ) հետ համատեղ ծրագրեր իրականացնող «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» տնօրեն, իրավապաշտպան Լեյլա Յունուսն ու նրա ամուսինը՝ քաղաքագետ Արիֆ Յունուսովը։ Նույն գործով հարցաքննվել են Ադրբեջանում Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մեթանեթ Ազիզովան, որի կենտրոնի գրասենյակը տեղակայված է «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի» շենքում, այնուհետև Ազիզովայի ամուսինը՝ Էլդար Ազիզովը։

Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիև

Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիև

Միաժամանակ ընթանում են նաև ընդդիմադիր լրագրողների և ակտիվիստների դատավարություններ՝ հիմնականում փակ դռների հետևում և ամբաստանյալների իրավունքների կոպիտ խախտումներով։

Հարկ է շեշտել, որ իրավապաշտպանների և ակտիվիստների հետապնդումներն իրականացվում են ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյերն Յագլանդի և ԵԽԽՎ նախագահ Անն Բասերի Ադրբեջան կատարած այցի ընթացքում, Ադրբեջանի ու ԵԽ-ի միջև համագործակցության ծրագրի ստորագրման նախօրեին։

Մայիսի 7–23 ժամանակահատվածում այդ բռնաճնշումներն արդեն իսկ պաշտոնական հարթակներից սկսել է քննադատել ԱՄՆ-ն։ Ադրբեջանի պետական կառույցներն ի պատասխան հարկադրված են լինում արդարանալ կամ պատասխան մեղադրանքներ հղել։

Այսպես, մայիսի 16-ից Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում շեշտել էր՝ Արևմուտքի հետ համագործակցող ՀԿ-ների և լրագրողների հետապնդումները վատ կանդրադառնան ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վրա, և այդպես շարունակելու դեպքում ուկրաինական Մայդանի դեպքերը կարող են կրկնվել Ադրբեջանում, եթե ոչ այժմ, ապա՝ 5-10 տարի անց։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթար

Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթար

Մայիսի 17-ին այս հայտարարությանն արձագանքել է Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը՝ ասելով, որ դեսպանն իր արտահայտություններով «փորձում է ստվեր նետել Ադրբեջանի և հարևան ՌԴ-ի ու Իրանի հետ հարաբերությունների վրա, և դա եզակի դեպք չէ»։

Առավել կոշտ ձևով է արձագանքել Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը. արտգործնախարարության մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևի խոսքերով՝ Ադրբեջանն «անհանդուրժելի է համարում իր ներքին գործերին միջամտելը, նման միջամտություններն Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին վնասում են»։ Խոսնակն ընդգծել է՝ ԱՄՆ դեսպանը խախտում է Վիեննայի կոնվենցիան։

ԱՄՆ-ն պատասխանել է մեղադրանքներին. ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին ԱՄՆ ներկայացուցիչ Քրիստոֆեր Ռոբինսոնը «հիասթափություն է հայտնել պաշտոնական Բաքվի բացատրություններից»՝ հերթական անգամ դատապարտելով Ռաուֆ Միրկադիրովի և NIDA-ի ակտիվիստների ձերբակալությունները։

Մայիսի 21-ին Ադրբեջանի կրթության նախարարությունը խորը հիասթափություն է արտահայտել ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարի հարցազրույցի վերաբերյալ։ Վերջինս այդ թվում ասել էր՝ Ադրբեջանի կրթական համակարգում կաշառակերության խնդիր կա։

Մայիսի 22-ին Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևը ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական պետական «Ազերթաջ» լրատվական գործակալությանը՝ մանրամասն վերլուծելով Մորնինգսթարի վերոհիշյալ հարցազրույցը: Մեհտիևը հիշեցրել է՝ առաջին դեպքը չէ, երբ ԱՄՆ դեսպանն «իրեն թույլ է տալիս նման անհարգալից արտահայտություններ Ադրբեջանի վերաբերյալ, ուստի կարող է լուրջ խնդիրներ ունենալ իր կարգավիճակի հետ»: Ավելին, Մեհտիևը քննադատել է ԱՄՆ-ին «Արցախյան հիմնախնդիրը լուծել չցանկանալու և Արցախի պաշտոնյաներին սատարելու համար», նկատել, որ նույն ԱՄՆ-ն իր ներսում ունի խոսքի ազատության և մարդու իրավունքների պահպանման խնդիր:

Հարցազրույցում առանցքային է Մեհտիևի այն միտքը, որ ԱՄՆ-ն միջամտում է մի շարք երկրների ներքին գործերին, ինչին ականատես եղանք Ուկրաինայում: Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավարը բացահայտ մեղադրում է ԱՄՆ-ին Ուկրաինայի ներքին ճգնաժամը սրելու, զինված խմբավորումներին աջակցելու, նախկին նախագահ Յանուկովիչին պաշտոնազրկելուն նպաստելու, անջատողական ուժերին ֆինանսավորելու հարցում: Նկատենք, որ Ադրբեջանն Ուկրաինայում Մայդանի դեպքերի մեկնարկից ի վեր միջազգային հարթակներում սատարել է Արևմուտքի ու Կիևի ներկայիս իշխանությունների դիրքորոշումը, և Մեհտիևի սույն խոսքերը, ըստ էության, հակասում են Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշմանը կամ էլ դրա փոփոխության նախանշան են:

Հատկանշական է, որ հարցազրույցի հրապարակվելուց քիչ անց ադրբեջանական իշխանամետ ԱՊԱ լրատավական գործակալությունը, հղում տալով սեփական աղբյուրներին, հաղորդել է՝ Մորնինգսթարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ և զգուշացրել, որ այլևս «Ադրբեջանի ներքին գործերին չխառնվի»: Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը հերքել է տեղեկությունը:

Մայիսի 22-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), համաձայն REAL շարժման առաջնորդ Իլղար Մամեդովի փաստաբանի, որոշում է կայացրել, որի համաձայն՝ Ադրբեջանի իշխանությունները պարտավորվում են Մամեդովին 22 հազար ադրբեջանական մանաթ (մոտ 28 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում հատկացնել։ ՄԻԵԴ-Ը նաև հաստատել է Մամեդովի իրավունքների, այդ թվում՝ անմեղության կանխավարկածի իրավունքի խախտման փաստը։

REAL շարժման առաջնորդ Իլղար Մամեդով

REAL շարժման առաջնորդ Իլղար Մամեդով

Արդեն իսկ հաջորդ օրը՝ մայիսի 23-ին, ՄԻԵԴ-ի որոշմանն արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ ԵԽԽՎ նիստին ելույթի ժամանակ։ Նա հավաստիացրել է, որ արտգործնախարարությունն իրավասու չէ միջամտելու դատական գործընթացին և հույս է հայտնել, որ «հարցը կլուծվի իրավական դաշտի շրջանակներում», սակայն շեշտել է՝ ԱԳՆ-ն հետևելու է «ՄԻԵԴ-ի որոշման կատարման գործընթացին Ադրբեջանում»։

Կարևոր է նշել նաև, որ նիստի ժամանակ տարբեր երկրների ներկայացուցիչները հարցեր են ուղղել Մամեդյարովին՝ կապված Ադրբեջանում առկա 18 «խղճի բանտարկյալի» և ակտիվիստների ձերբակալությունների հետ։ Նա հարկադրված է եղել արդարանալ, թե ԱԳՆ-ն չի կարող ազդեցություն ունենալ իրավական ոլորտում, նաև պնդել, թե Ադրբեջանում «մարդու իրավունքների ոլորտը նույնն է, ինչ Նիդեռլանդներում և Իռլանդիայում»։

ԺԱՄԱՆԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. 7–23 մայիսի

Դեռևս մայիսի սկզբին ելույթ էր ունեցել Bizim Yol, Moderator.az կայքերի, «Քաղաքացիների քաղաքացիական ու քաղաքական իրավունքների պաշտպանության» հասարակական միավորման ղեկավար Փարվիզ Հաշիմլիի փաստաբանը՝ հավաստիացնելով՝ դատավարությունն ընթանում է ոչ օբյեկտիվ, հարուցված քրեական գործն էլ կեղծ է։

Հաշիմլին մեղադրվում է Իրանի օգտին լրտեսություն կատարելու և Իրանից ներկրված զենք-զինամթերքի ապօրինի վաճառքի համար։ Նա պարբերաբար քննադատել է Ադրբեջանի իշխանություններին ու առանձին պաշտոնյաների՝ կաշառակերության և ընտրությունների կեղծման համար։ «Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտը» նրան ճանաչել է քաղբանտարկյալ։ Մայիսի 15-ին Հաշիմլին դատապարտվել է 8 տարի ազատազրկման։

Մայիսի 6. Բաքվի ծանր հանցանքների գծով դատարանն ադրբեջանական NIDA հասարակական շարժման երիտասարդ 8 անդամների դատապարտել է 6-8 տարվա ազատազրկման 2013-ի մարտի 10-ին դատարանի բնորոշմամբ՝ «անկարգություններ կազմակերպելու», իրականում՝ զինված ուժերում ոչ մարտական կորուստների մեծ քանակի դեմ ցույցին մասնակցելու համար։ Ամբաստանյալներին ի պաշտպանություն նույն ժամանակ փողոցում ցույց էր կազմակերպվել, որի մասնակիցների մի մասը, այդ թվում՝ NIDA-ի 15 անդամներ, ձերբակալվել էին։ Մայիսի 7-ին այդ 15 հոգին կանգնել են դատարանի առաջ։

Մայիսի 7. դատավորը ձերբակալվածներին, որոնք հիմնականում ընդդիմադիր կեցվածք ունեցող կուսակցությունների երիտասարդ թևերի կամ երիտասարդական շարժումների անդամներ են, դատապարտել է 15 օր ազատազրկման և վարչական տուգանքների։

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը նրանց ճանաչել էր «խղճի բանտարկյալ», և 2014-ի մայիսի 6-ի զեկույցում դատապարտել է երիտասարդների ազատազրկումը։

Մայիսի 7. Հելսինկյան կոմիտեն կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հարգել NIDA-ի ակտիվիստների, իրավապաշտպանների և ձերբակալված լրագրողների իրավունքները՝ նրանց ազատազրկումը որակելով «քաղաքականապես մոտիվացված»։

Մայիսի 8. Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է՝ Ֆրանսուա Օլանդն Ադրբեջան կատարվելիք այցի ժամանակ պարտավոր է խոսել մարդու իրավունքների խախտումներից։

Մայիսի 9. Օլանդին բաց նամակ է հղել Reporters Without Borders իրավապաշտպան կազմակերպության գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարը՝ խնդրելով Օլանդին Բաքու կատարվելիք այցին բարձրացնել քաղաքական դրդապատճառներով ձերբակալված ադրբեջանցի լրագրողների ու իրավապաշտպանների խնդիրը:

Մայիսի 9. ադրբեջանական 30 ՀԿ-ներ նամակ են ուղարկել ԵԽ գլխավոր քարտուղարին՝ հայցելով միջազգային հանրության ուշադրությունը սևեռել Ադրբեջանում լրագրողների և իրավապաշտպանների իրավունքների խախտումներին։

Մայիսի 10. համանման կոչով Օլանդին դիմել են նաև Ադրբեջանի 30 քաղաքացիական ակտիվիստներ։

Մայիսի 12. ԵԱՀԿ մամուլի ազատության գծով համանախագահ Դունյա Միյատովիչը քննադատել է Ադրբեջանի իշխանություններին մայիսի 6-7-ը Բաքվում ցույցերի ժամանակ մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների դեմ կիրառված բռնության համար:

Մայիսի 14. դատարանը «դրամաշորթման համար» 3 ամիս ազատազրկման է դատապարտել «Ժողովրդավարության աջակցություն» ՀԿ-ի տնօրեն, իրավապաշտպան Էմիլ Մամեդովին։

Մայիսի 14. Բաքվի օդանանավակայանում ձերբակալել են France-2 հեռուստաընկերության լրագրող Լորան Ռիչարդին և օպերատորին, որոնք Օլանդի այցից հետո որոշել էին մի քանի օր մնալ Ադրբեջանում և լուսաբանել հիմնականում մարդու իրավունքների խախտումների միջադեպերը։ Լրագրողներից խլել են իրենց նյութերը, բռնի ուժով նստացրել դեպի Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։

Մայիսի 14. Human Rights Watch-ը հանդես է եկել ծավալուն զեկույցով՝ ամփոփելով վերջին 2 տարում Ադրբեջանում մարդու և խոսքի իրավունքների խախտումներին։

Մայիսի 15. ANS ու İTV ադրբեջանական հեռուստաալիքների լրագրող Ազեր Իսրաֆիլովը ձերբակալվել է հենց դատարանում՝ դատալսման ժամանակ՝ դատապարտվելով 7 տարի ազատազրկման «խարդախության» հոդվածով։

Մայիսի 16. «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական մասնաճյուղի աշխատակից Իսլամ Շիխալիևին նկատմամբ անհայտ անձինք բռնություն են կիրառել մետաղաձուլական գործարանում, նրա ձեռքից խլել տեսախցիկն ու բջջային հեռախոսը։ «Ազատություն» ռադիոկայանը պահանջել է գտնել մեղավորներին։

Մայիսի 19. Ռաուֆ Միրկադիրովը բողոքի հայց է ներկայացրել դատարան՝ պահանջելով թույլ տալ հարազատների հետ տեսակցություն։

Մայիսի 20. Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստները հանդիպել են ԵԽ գլխավոր քարտուղարի հետ՝ նրան ներկայացնելով քաղբանտարկյալների 130 անուն ընդգրկող ցուցակը, որից 30-ը, ըստ ակտիվիստների, պետք է անհապաղ ազատ արձակվեն, իսկ 70-ի գործով նոր դատավարություն պետք է անցկացվի։

Մայիսի 20. Միրկադիրովի գործով հարցաքննել են «Զերկալո» թերթի գլխավոր խմբագիր Էլչին Շիհլիին։ Նրա խոսքերով՝ իրավունք չունի հայտնել հարցաքննության մանրամասները։

Մայիսի 20. ընթացել է 2013-ի հունվարին Իսմայիլիի շրջանում ցույցերի գործով 7 և 5 տարի ազատազրկման դատապարտված REAL շարժման առաջնորդ Իլղար Մամեդովի և «Մուսավաթ» կուսակցության նախագահի տեղակալ Թոֆիգ Յաղուբլուի բողոքի հայցերի հիման վրա դատավարությունը։ Դատավորը մերժել է փաստաբանների ներկայացրած բոլոր հայցերը՝ հաջորդ դատական նիստը նշանակելով հունիսի 5-ին։

Մայիսի 21. դատախազը 9 տարի ազատազրկում է պահանջել 2013-ի դեկտեմբերին պաշտոնական դիրքի չարաշահման և հարկերը չվճարելու հոդվածների հիման վրա ձերբակալված, ադրբեջանական «Ընտրությունների մշտադիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Անար Մամեդլիի համար։

Մայիսի 21. Ադրբեջանի զինված ուժերում ինքնասպանությունների խնդիրը հաճախ մեկնաբանող հոգեբան Ազադ Իսազադեին և ակտիվիստների ձերբակալությունները լայնորեն լուսաբանող, ընդդիմադիր դիրքորոշում ունեցող ադրբեջանական Turan լրատվական գործակալության աշխատակից Ֆարիդ Արիֆօղլուին կանչել են հետաքննական վարչություն՝ Միրկադիրովի գործով հարցաքննվելու:

Մայիսի 16-21. ԱՄՆ դեսպանի քննադատություններն ու Ադրբեջանի արձագանքը, ինչի մասին արդեն խոսեցինք։

Մայիսի 22. Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մեթանեթ Ազիզովայի ամուսնուն և որդուն սահմանապահները ձերբակալել են Վրաստանի սահմանն անցնելիս՝ պատճառաբանելով, թե դատախազության ցուցումն է։ Իրավապաշտպան Լեյլա Յունուսի խոսքերով՝ դատախազությունը չունի նման իրավասություններ, բացի այդ էլ Ազիզովայի ամուսինն ու որդին անգամ վկաներ չեն Միրկադիրովի գործում։

Մայիսի 22Ադրբեջանում հայտնի ռազմական փորձագետ, լրագրող, վերջին շրջանում Ադրբեջանի պետական կառույցների, մասնավորապես՝ պաշտպանության նախարարության դեմ ուղղված քննադատություններով աչքի ընկնող Ուզեիր Ջաֆարովին կանչել են Ադրբեջանի գլխավոր դատախազության՝ ծանր հանցագործությունների գծով հետաքննական վարչություն՝ այսպես կոչված Միրկադիրովի գործի շրջանակներում հարցաքննվելու։

Մայիսի 22. ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական ակտիվիստներին և ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։

Մայիսի 23. Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի փոխանցմամբ՝ խուզարկություն է իրականացվել Միրկադիրովի հոր՝ Ղաբիբուլա Միրկադիրովի տանը։ Միրկադիրովի փաստաբանը նշել է՝ բնակարանում ոչ մի կասկածելի իր չեն հայտնաբերել։ Բացի այդ, խուզարկվել է Միրկադիրովի զոքանչի բնակարանը, որտեղ կասկածյալը երբևէ չի ապրել։

Մայիսի 23. ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը պնդել է՝ ինչ էլ որ լինի, ցանկանում է անպայման հանդիպել ձերբակալված իրավապաշտպանների ու լրագրողների հետ, երբ նրանցից ոմանք այնուհանդերձ ազատ արձակվեն։ Նա նաև հայտարարել է՝ իրեն այդպես էլ չի հաջողվել հանդիպել Իլղար Մամեդովին, սակայն նա համոզված է՝ Ադրբեջանում խոսքի ազատության և մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ կան։ Բրասերը հույս է հայտնել, որ հաջորդ այցի ժամանակ կկարողանա տեսակցել Մամեդովին։ Նա իր թվիթերյան միկրոբլոգում ևս կոչ է արել անմիջապես ազատ արձակել Մամեդովին, որին ձերբակալել են «կամ պատժելու կամ լռել ստիպելու նպատակով»։

Մայիսի 23.  Կանանց ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մեթանեթ Ազիզովայի մայրը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է՝ իր դստերը խնդրել է ոչ մի դեպքում չվերադառնալ Ադրբեջան, որտեղ նրան կամ կձերբակալեն կամ կստիպեն վկայություններ տալ Լեյլա Յունուսի դեմ։

Այսպիսով, ինչպես տեսնում ենք, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, ԱՄՆ-ի ու արևմտյան կառույցների ղեկավարների նախազգուշացումները վերջին հաշվով գրեթե չեն ազդում Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա, բռնաճնշումների ալիքը շարունակվում է, կասեցվելու միտումներ չեն նկատվում: Միակ շոշափելի քայլը ՄԻԵԴ-ի որոշումն էր Իլղար Մամեդովի գործի առնչությամբ: Այնուհանդերձ, սպասենք իրադարձությունների զարգացմանը, չի բացառվում՝ ԱՄՆ-ի արձագանքն Ադրբեջանի նախագահական աշխատակազմի ղեկավարի սուր խոսքերին այս անգամ ավելի կոպիտ լինի՝ համապատասխան հետևանքներով:

Տե´ս նաև՝ Ադրբեջանում՝ ճնշումների նոր ալիք հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների վրա

One response to “Հայ-ադրբեջանական ծրագրերի մասնակիցների բռնաճնշումները՝ ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների սրման պատճառ

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն փորձում է ակտիվացնել ռազմական համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *