Թուրքական Aselsan («Ասելսան») ընկերությունը Բեռլինում կայացած ILA-2014 ավիացուցահանդեսի ընթացքում պայմանագրեր է կնքել եվրոպական Airbus կոնցերնի և բրիտանական Rolls Royce ընկերության հետ։
Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը նոր պայմանագրով նախատեսում է խորացնել համագործակցությունն Airbus-ի (Էյրբաս) հետ քաղաքացիական և ռազմական ավիացիայի համար ավիոնիկ համակարգերի, արբանյակային կապի, ռադիոկապի, էլեկտրաօպտիկական և լազերային համակարգերի արտադրության ոլորտներում։
Rolls Royce (Ռոլս Ռոյսի) հետ պայմանագրով նախատեսվում է համագործակցություն շարժիչների վերահսկման համակարգերի արտադրությունում։
«Ասելսանում» նշել են, որ այս պայմանագրերով իրենք նախատեսում են ավելի մեծ ներկայություն ունենալ արտաքին շուկայում, տեղեկացնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։
Թուրքիան այս տարի ILA-2014 ավիացուցահանդեսին մասնակցում էր «գործընկեր երկրի» կարգավիճակով։ Մայիսի 20-25-ն անցկացված ավիացուցահանդեսին մասնակցում էր թուրքական ռազմական և քաղաքացիական ավիացիան ներկայացնող թուրքական 17 ընկերություն, այդ թվում՝ «Ասելսանը»։
Թուրքական «Ասելսանը» պետական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրությունում։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 (վիդեո) | Ռազմ.info