Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերական քարտուղարությունն ու ամերիկյան Pratt & Whitney (P&W) ընկերությունը մայիսի 20-ին հուշագիր են ստորագրել, որով նախատեսվում է Թուրքիայի տարածքում հիմնել F-35 կործանիչների F135 շարժիչների տեխզննման, վերանորոգման և սպասարկման ձեռնարկություն։
Թուրքիան օրերս պաշտոնապես հայտարարել էր 2 միավոր F-35A կործանիչ գնելու որոշման մասին։ Հայտարարության հետ մեկտեղ նշվել էր, որ Թուրքիան ցանկանում է իր տարածքում ունենալ այս կործանիչների համար օգտագործվող շարժիչի սպասարկման և վերանորոգման կենտրոն։
Կենտրոնում նախատեսվում է սպասարկել ոչ միայն Թուրքիային, այլ նաև F-35 շահագործող այլ պետություններին։ Ներկայում Մերձավոր Արևելքում նորագույն կործանիչների մյուս պատվիրատուն Իսրայելն է։
Այս ամենի համատեքսում էլ թուրքական կողմը հուշագիր է կնքել P&W ընկերության հետ, որն էլ պետք է զբաղվի գործարանի կառուցմամբ և մասնակցի հետագա աշխատանքներին։
Թուրքիան նախատեսում է ձեռք բերել ընդհանուր առմամբ 100 միավոր F-35 կործանիչ։ Դրանցից 2-ը, որոնք արդեն թուրքերը պատվիրել են, պետք է պատրաստ լինեն 2019 թվականին։
Հիշեցնենք՝ Lockheed Martin ընկերությունը նախագծել է հինգերորդ սերնդի F-35 կործանիչի երեք մոդիֆիկացիա. F-35A, F-35B և F-35C` հարմարեցված համապատասխանաբար ԱՄՆ ռազմաօդային ուժերի, ծովային հետևակի և ռազմածովային ուժերի կարիքներին։ F-35A-ը նաև այլ պետություններին տրամադրելու համար նախատեսված տարբերակն է։
Կործանիչի սահմանափակ քանակության նախնական պատվերներ ներկայացրել են մի շարք երկրներ՝ այդ թվում Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ճապոնիան, Իսրայելն ու Ավստրալիան։ Իսկ ԱՄՆ ռազմաօդային ուժերի մի շաք ավիաբազաներ արդեն իսկ սկսել են համալրվել F-35A կործանիչներով։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. մայիսի 18-24 (վիդեո) | Ռազմ.info