Թաիլանդի զինված ուժերի հրամանատար, գեներալ Փրայութ Չան-օզան մայիսի 22-ին հայտարարել է, որ երկրում կայացել է ռազամական հեղաշրջում։
Հեռուտատեսությամբ ունեցած ելույթի ժամանակ նա կոչ է արել ցամաքային զորքերին, նավատորմին, ոստիկանությանն ու այլ ուժային կառույցներին «երկրում իշխանությունը վերցնել իրենց ձեռքը, քանի որ դա անհրաժեշտ է խաղաղության և կարգուկանոնի պահպանման համար»։
Ինչպես հաղորդում է BBC լրատվական գործակալությունը, նախքան հեռուստատեսությամբ ելույթ ունենալը, գեներալը հանդիպել է Թաիլանդի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հետ։ Այն շինությունը, որտեղ ընթանում էին բանակցությունները, շրջափակել էին շուրջ 300 զինծառայողներ: Գեներալը բանակցությունների ընթացքում դրանք հայտարարել է անարդյունավետ՝ հրամայելով ձերբակալել քաղաքական գործիչներին։
Նշենք, որ բանակցությունները շարունակվել են շուրջ 2 օր, ընթացել են մայրաքաղաք Բանգկոկում։ Ներկայումս ռազմական դրություն հայտարարած հանձնաժողովը փաստացիորեն ստանձնել է երկրի կառավարումը։
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին Թաիլանդի զինված ուժերը երկրում ռազմական դրություն էին հայտարարել՝ կապված ներքին լարված քաղաքական-հասարակական իրավիճակի հետ։ ԶՈւ-ից մանրամասնել են՝ ռազմական դրությունն անհրաժեշտություն է ամիսներ տևած հակակառավարական ցույցերից հետո կարգուկանոն սահմանելու համար։ Սույն ցույցերին զոհ գնացին ավելի քան 28 հոգի։
Դեռևս 2013-ի նոյեմբերից Թաիլանդի ընդդիմադիր ուժերը կոչ են անում կառավարությանը հրաժարական տալ և ստեղծել ժամանակավոր Ժողովրդական խորհուրդ, որը կստանձնի կառավարության իրավասությունները։
2014-ի մայիսի 7-ին Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, որ վարչապետի պաշտոնակատար Իյինգլակ Չինավատը պետք է հեռանա պաշտոնից, քանի որ մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքը չարաշահելու համար։ Չինավատի համախոհներն էլ սպառնացել են քաղաքացիական պատերազմով, եթե կառավարության ղեկավար նշանակվի ընդդիմության առաջնորդներից որևէ մեկը։