Տ-50 ՊԱԿ ՖԱ ռուսաստանյան կործանիչը թռիչքներ է կատարել՝ սպառազինություն կրելով

Մայիսի 22-ին հայտնի է դարձել՝ ՌԴ Աստրախանի շրջանում մեկնարկել է Տ-50 ՊԱԿ ՖԱ (ռուս՝ T-50 ПАК ФА) ռուսաստանյան նոր կործանիչի պետական փորձարկումները սպառազինությամբ։ 

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Տ-50 ՊԱԿ-ՖԱ 5-րդ սերնդի կործանիչ

Այս մասին ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարյովը։

Ռուսաստանյան BMPD ռազմական բլոգն էլ իր հերթին հավելում է՝ մայիսի 21-ին Т-50-3 ու Т-50-4 կործանիչները թռիչքներ են իրականացրել սպառազինություն կրելով, ինչը նկատելի է Միխայիլ Պոլյակովի բլոգում հրապարակված լուսանկարներում։

Տ-50 ՊԱԿ ՖԱ

Տ-50 ՊԱԿ ՖԱ

Բոնդարյովի խոսքերով՝ հինգերորդ սերնդի այս կործանիչի սերիական տրամադրման գործընթացը զինուժին ծրագրված է 2016-ին, սակայն չի բացառվում, որ ռազմաօդային ուժերին Տ-50-ները տրամադրվեն նախանշած ժամկետից ավելի վաղ։ Ընդ որում, Բոնդարյովը չի հստակեցնում՝ երբ են սկսվել փորձարկումները, ավելի վաղ հաղորդվում էր՝ դրանք պետք է որ մեկնարկեին 2014-ի ապրիլ-մայիսին։

Գեներալը շեշտել է՝ Տ-50-ը ներկայացվելու է «Ավիադարտս-2014» ավիացիոն վարպետության միջազգային համառուսական մրցույթին, որն անցկացվելու է Վորոնեժում։ Այն ցուցադրելու են հատուկ ծրագրի ընթացքում, որը նախապատրաստել են ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցի առիթով։

Նկատենք, որ սույն մրցույթի անցկացումը մեծ աղմուկ բարձրացրեց, երբ Ուկրաինայի ԱԳՆ-ն, հաշվի առնելով, որ այն անցկացվելու է իր սահմաններին կից տարածքներում, պահանջել էր չեղյալ հայտարարել մրցույթը։ Բոնդարյովն էլ արձագանքել էր, որ Կիևը հերթական անգամ «խառնվում է իրեն չվերաբերող գործին»։

Հիշեցնենք, որ ՌԴ ՌՕՈւ-ն առաջին Տ-50 ՊԱԿ ՖԱ-ն ստացել է 2014-ի փետրվարի վերջին։

Տ-50-ը սկսել է առաջին թռիչքային փորձարկումները 2013-ի հոկտեմբերի 27-ին, այն օդ է բարձրացվել Ամուրի Կոմսոմոլսկի օդանավակայանից։

Հեղինակների բնորոշմամբ հինգերորդ սերնդի Տ-50 կործանիչը առաջին թռիչքը կատարել է 2010 թվականի հունվարի 29-ին, ցուցադրվել է հանրությանը 2011 թվականի օգոստոսի 17-ին ՄԱԿՍ միջազգային ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ։
Տ-50-ի առաջին նախատիպը, ըստ ՌԴ ՈՕՈւ հրամանատար Վիկտոր Բոնդարևի, ավարտել է կրակային փորձարկումները 2013-ի հոկտեմբերի վերջին։
Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը Տ-50-ի շահագործման մեկնարկը սահմանել է 2017-ին, ՊՆ-ն արդեն պատվիրել է 60 միավոր Տ-50։ Տ-50 կործանիչներով նախատեսվում է փոխարինել ՌԴ ՌՕՈւ Սու-27 ինքնաթիռները։

Նշենք նաև, որ «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը ոչ պաշտոնական հարթակում առաջարկ է արել Հարավային Կորեային 60 մարտական ինքնաթիռներ գնելու մրցույթի շրջանակներում իրենից ձեռք բերել Տ-50-ներ։

Ինքնաթիռի թևի բացվածքը 14 մ է, բարձրությունը՝ 4.8 մ, առավելագույն արագությունը՝ 2600 կմ/ժ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *