Դոնեցկի ու Լուգանսկի ինքնավար շրջանները չեն բացառել միավորումը

Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետության ղեկավարությունը պատրաստվում է բանակցություններ վարել Լուգանսկի ժողովրդական հանրապետության պաշտոնակիցների հետ՝ երկու պետությունները միավորելու ուղղությամբ։

Դոնեցկ

Այս մասին մայիսի 12-ին հայտարարել է Դոնեցկի հանրապետության վարչապետի տեղակալ Դենիս Պուշիլինը ռուսաստանյան «Ռոսսիյա 24» հեռուստաալիքի եթերում։ Ընդ որում, Պուշիլինը շեշտել է՝ նախնական պայմանավորվածություն արդեն կա, մնում է նստել բանակցությունների սեղանի շուրջ և ճշտել մանրամասներն ու տեխնիկական կողմը։

Հարկ է նշել, որ մայիսի 12-ին՝ ավելի վաղ, Պուշիլինը հանդես էր եկել մեկ այլ հայտարարությամբ՝ փաստելով՝ Դոնեցկի ինքնավար հանրապետությունն այսուհետ ինքնավար պետական միավորում է, որի բնակչությունն ու ղեկավարությունը նպատակ ունեն ընդգրկվել Ռուսաստանի Դաշնության կազմում։ Նույն ժամանակահատվածում Լուգանսկն ինքնավար է հռչակել Լուգանսկի ժողովրդական հանրապետության այսպես կոչված «ժողովրդական նահանգապետ» Վալերիյ Բոլոտովը։ Նրա խոսքերով՝ իրենք ընտրել են «Կիևի արյունալի բռնապետությունից անկախացման ուղին»։

Նկատենք, որ ՌԴ-ն պաշտոնապես այս պահի դրությամբ ուղիղ չի արձագանքել Դոնեցկի մտադրությանը՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու առնչությամբ։ Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ ՌԴ-ն պարզապես հարգանքով է վերաբերում սույն շրջանների բնակիչների «կամքի ազատ արտահայտմանը»։ Հաղորդագրության մեջ ընդգծված է. «Ռուսաստանն ուշադիր հետևում էր Դոնեցկում և Լուգանսկում հանրաքվեի թե´ նախապատրաստական, թե´ բուն ընթացքին։ ՌԴ-ն քննադատում է ուժի, այդ թվում՝ զենքի կիրառումը հանրաքվեի մասնակիցների դեմ, ինչն էլ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի է հանգեցրել»։

Հավելենք, որ մայիսի 11-ին Դոնեցկում և Լուգանսկում անցկացվել են հանրաքվեներ, որոնք եվրոպական կառույցներն ու ԱՄՆ պետքարտուղարությունը որակել են «ապօրինի միջոցառումներ՝ ուղղված Ուկրաինայի ներքին իրավիճակի սրմանը»։ Այնուհանդերձ, հանրաքվեների պաշտոնական տվյալները վկայում են՝ ընտրողների շուրջ 90 տոկոսը կողմ է քվեարկել տվյալ շրջանի անկախացմանը։ Հանրաքվեներն ընդհանուր առմամբ ընթացել են լարված մթնոլորտում. Ուկրաինայի ազգային գվարդիայի անդամները մի շարք տեղամասերում փորձել են խաթարել քվեարկությունը։

Կրասնոարմեյսկ քաղաքում հրաձգության հետևանքով սպանվել է 2 հոգի, այս միջադեպից հետո քաղաքում քվեարկությունը կասեցվել էր, հատկապես որ ուկրաինացի զինծառայողները գրավել էին մի քանի դպրոցների մասնաշենքեր, որտեղ էլ քվեարկություն էր ընթանում։ «ԷխոՄոսկվի» ռադիոկայանի հատուկ թղթակից Իլյա Ազարինն էլ իր հերթին հաստատել էր տեղեկությունը, որԿրասնոարմեյսկ քաղաքը լքելիս ազգային գվարդիայի զինծառայողներն իր աչքի առաջ սպանել են 1 հոգու, իսկ ևս 1-ը վիրավոր է։

Բացի այդ, Դոնեցկի շրջանի Սլավյանսկ քաղաքում մայիսի 10-ի լույս 11-ի գիշերը Ուկրաինայի ուժային կառույցների ներկայացուցիչները հարձակվել էին ինքնապաշտպանական ուժերի միանգամից մի քանի հենակետերի վրա։ Գրոհի ժամանակ օգտագործվել էր ինչպես հրազեն, այնպես էլ ականանետեր։ Ուժայիններին չէր հաջողվել մտնել քաղաք, թեպետ ստույգ հատյնի չէ, թե արդյոք նման առաջադրանք եղել է։

One response to “Դոնեցկի ու Լուգանսկի ինքնավար շրջանները չեն բացառել միավորումը

  1. Pingback: Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. մայիսի 13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *