Ֆրանսիայում վթարի է ենթարկվել Mirage-2000-5 կործանիչը

Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Mirage-2000-5 կործանիչը մայիսի 12-ի կեսօրին վթարի է ենթարկվել երկրի արևելքում։ Զոհեր և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։ 

Mirage-2000-5 կործանիչ, Ֆրանսիայի ՌՕՈւ

Mirage-2000-5 կործանիչ, Ֆրանսիայի ՌՕՈւ

Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։

Համաձայն աղբյուրի՝ օդաչուին հաջողվել է կատապուլտով դուրս գալ ինքնաթիռից, նախքան այն կընկներ ֆրանսիական Բարոչեզ քաղաքին կից դաշտում։ Օդաչուին տեղափոխել են Մեցե քաղաքի հիվանդանոց։ Նրա վիճակը բավարար է։

Նշենք, որ Mirage-2000-5-ը գրանցված էր Լյուքսեյ-լը-Բեն ավիակայանում, այն ուսումնական թռիչքներ կատարելիս է եղել։ Վթարի պատճառը դեռևս չի հաղորդվում, նախնական վարկածներ ևս առաջ չեն քաշվել։ Հետաքննություն է ընթանում։

Նկատենք, որ 1990-ականներից մինչ օրս վթարի ենթարկված Mirage-2000-5 կործանիչների թիվը 10 է։

Հավելենք նաև, որ Mirage-2000-5-ը չորրորդ սերնդի բազմանպատակային կործանիչ է, արտադրվում է Dassault Aviation ֆրանսիական ընկերության կողմից սկսած 1970-ականներից։ Առաջին թռիչքը կատարել է 1978-ին, սկսել է շահագործվել 1982-ից, հիմնական շահագործողներն են Ֆրանսիան, Հնդկաստանը, ԱՄԷ-ն, Թայվանը։ Վերջին մարտական կիրառումն արձանագրվել է 2011-ին Լիբիայի ներքին ճգնաժամի ընթացքում։ Ֆրանսիան դադարեցրել է սույն ինքնաթիռների արտադրությունը 2007-ին, վերջին գնորդը եղել է Հունաստանը։ Ներկայումս Ֆրանսիայի ՌՕՈւ-ն փորձում է փոխարինել Mirage-2000-5-երը Dassault Rafale կործանիչներով։

Mirage-2000-5-ի անձնակազմը 1 հոգի է, երկարությունը՝ 14.36 մ, թևերի բացվածքը՝ 9.13 մ, առավելագույն արագությունը՝ 885 կմ/ժ, թռիչքի բարձրությունը՝ 16 460 մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *