Մայիսի 11-ին Սիրիայի հայաբնակ Քեսաբի շրջանին կից, ռազմավարական նշանակություն ունեցող Չալմա բարձունքի մոտ թեժ մարտեր են ընթացել Սիրիայի կառավարական ուժերի, նրանց սատարող կամավորական ջոկատների և Քեսաբը գրաված զինյալների խմբավորումների միջև։ Մարտերում զոհվել է Սիրիայի կառավարական զորքերի շարքում մարտնչող քեսաբահայ Վարդան Անտրյանը, վիրավորվել է մեկ այլ քեսաբահայ՝ Սարո Պապուճյանը։
Այս մասին հաղորդում է «Ասպարեզ» թերթը՝ հղում տալով լիբանանյան «Մայատին» հեռուստաալիքի տվյալներին։ Համաձայն աղբյուրի՝ Սիրիայի կառավարությունը մարտերում ներգրավվել է նաև ռազմաօդային ուժերը։ Սիրիայի կառավարական ուժերը կարողացել են հաջողության հասնել՝ ոչնչացնելով 14 զինյալի, որոնցից մեկն «Անսար ալ Շամ» խմբավորման հրամանատարներից էր։
Նշենք նաև, որ ըստ նույն աղբյուրի՝ 2014-ի մայիսի 11-ին Հալեպի Նոր գյուղ թաղամասում հրթիռակոծման հետևանքով սպանվել է ևս մեկ հայ՝ Հակոբ Գրտանյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին սկսվել էր Քեսաբից ոչ հեռու տեղակայված, Լաթաքիայի շրջանում կազմում ընդգրկված աս-Սամրա ավանի՝ զինյալների խմբավորումներից ազատագրման գործողությունը։Գործողությունն իրականացվել էր 2 ուղղություններով՝ Միջերկրական ծովի և Թշալմա բարձունքի կողմից։ Սիրիայի հատուկ նշանակության զորքերին հաջողվել էր աս-Սամրայի արևմտյան հատվածում գերակայություն հաստատել։
Հավելենք, որ դեռևս մարտի 21-ին Թուրքիայի գործուն աջակցությամբ «ալ Նուսրայի ճակատ» և «Ահ րարալ Շամ» իսլամիստական խմբավորման անդամները տարբեր ուղղությամբ գրոհելէին սիրիական բանակի դիրքերը՝ կարողանալով ճեղքել պաշտպանությունը և խորանալ։ Սիրիական բանակը պատասխան գործողություն էր սկսել։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ մարտի 25-ին կեսօրից հետո Սիրիայի ռազմաօդային ուժերը սկսել են ռմբահարել զինյալների դիրքերը։
Քեսաբի հայությունը զինյալների գրոհի ընթացքում շտապ տեղափոխվել էր Լաթաքիա, ապաստանել էին տեղի հայկական եկեղեցու տարածքում։
Հավելենք նաև, որ նույն օրը՝ ապրիլի 27-ին, Սիրիայի զինված ուժերի ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել նաև Լիբանանի հետ սահմանին տեղակայված Զաբադանի քաղաքի մեծ մասում։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան warsonline.info լրատվակայքը, քաղաքի ավագանին բանակցությունների ընթացքում կոչ է արել քաղաքում մնացած զինյալներին հանձնել զենքերը։ Իսլամիստական խմբավորումների անդամ զինյալների մի մասը համաձայնել է առաջարկին, իսկ մյուս մասն իր զենքով ուղևորվել է դեպի Լիբանան։
Նշենք, որ ըստ աղբյուրի՝ Սիրիայի ԶՈւ ստորաբաժանումները քաղաք են մուտք գործել զրահամեքենաների օգնությամբ։ Սիրիայի կառավարական ուժերին մոտ կանգնած աղբյուրները վկայում են՝ այդ օրը քաղաքում մարտեր չեն արձանագրվել, զինյալները հրաժարվել են կռվելուց, իսկ վերջիններիս լուրերը հրապարակող համացանցային ռեսուրսներն այնուհանդերձ չեն ընդունում Զաբադանի կորուստն իրենց համար։